ԿԲ-ն կանխատեսում է վարկերի բարձր պահանջարկ 2026թ–ին

ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին ևս քաղաքացիների և բիզնեսի կողմից կպահպանվի վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը։

Ըստ Կենտրոնական բանկի՝ 2025թ. 4-րդ եռամսյակում բանկերը շարունակել են ավելացնել վարկավորման ծավալները։ Մասնավորապես` 2024թ. նոյեմբերի համեմատ 2025թ.–ին բանկերի վարկային պորտֆելն աճել է մոտ 24%-ով՝ բացարձակ թվերով կազմելով ավելի քան 7,6 տրիլիոն դրամ կամ 19,8 մլրդ դոլար։

2025 թվականի ընթացքում հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է, բայց այն դեռևս բարձր է։ Եթե 2024 թվականի վերջին այն կտրուկ՝ գրեթե մինչև 409% աճ է ունեցել, քանի որ շատ վարկառուներ շտապում էին արտոնյալ պայմաններով՝ եկամտային հարկի վերադարձով Երևանում գնել բնակարաններ, ապա 2025 թվականի հունվարի 1-ից վերցված հիփոթեքի համար այս արտոնությունը այլևս չի գործում։ Այս առումով մինչև 2025-ի տարեվերջ հիփոթեքային պորտֆելի աճը դանդաղել է, բայց, այնուամենայնիվ, նույն թվականի նոյեմբերին կազմել է +20%։

Սա վկայում է այն մասին, որ Երևանում և շրջակայքում անշարժ գույքի պահանջարկը շարունակում է բարձր մնալ, իսկ տներն ու բնակարանները գնվում են ոչ միայն ապրելու համար, այլև որպես ապագայի ներդրում։

Կենտրոնական բանկի հարցումները ցույց են տալիս, որ բանկերն ակնկալում են վարկավորման հետագա կայուն աճ՝ հաշվի առնելով տնտեսական նպաստավոր հեռանկարները, ինչպես նաև բանկերի միջև մրցակցության հաշվին վարկերի պայմանների մեղմացումը: