Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունը անցնում է միջազգային խաղացողների ձեռքը

Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության բաժնետոմսերը ձեռք են բերել երկու հեղինակավոր միջազգային խմբեր՝ ավստրիական Գրավե Գրուպը (GRAWE Group) և Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը (C-Quadrat Investment Group)։

ԿԲ-ի գնահատմամբ՝ այս գործարքը կարող է դառնալ ապահովագրական ոլորտում որակական նոր փուլի սկիզբ։ Մասնավորապես ակնկալվում է առաջընթաց կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման, անդերրայթինգի և վնասների կարգավորման ոլորտներում, ինչպես նաև կյանքի ապահովագրության համակարգի ձևավորման ու զարգացման ուղղությամբ։

Կենտրոնական բանկում ընդգծում են, որ միջազգային հեղինակավոր ներդրողների մուտքը հայկական ապահովագրական շուկա խոսում է երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ բարձր վստահության մասին։ Ըստ կարգավորողի՝ սա նաև Հայաստանի ներդրումային գրավչության հստակ ազդակ է, որը կարող է խթանել երկարաժամկետ ներդրումների աճը, ձեռնարկատիրական ակտիվության բարձրացումը, ինչպես նաև կապիտալի շուկայի և ինստիտուցիոնալ ֆինանսական հոսքերի զարգացումը։

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»․ շուկայի առաջատարը

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականի մայիսին և ներկայումս գործում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ Ընկերությունը համարվում է երկրի խոշորագույն ապահովագրական կազմակերպությունը՝ զբաղեցնելով առաջատար դիրք ընդհանուր կապիտալի ցուցանիշով։ Վերջինս կազմում է 7.6 միլիարդ դրամ կամ մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար։

Ավստրիական և միջազգային փորձ՝ հայկական շուկայում

Գրավե Գրուպը (GRAWE Group) հիմնադրվել է Ավստրիայում դեռևս 1828 թվականին և համարվում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկը։ Խումբն այսօր գործում է 14 երկրում՝ միավորելով Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում 20 դուստր ապահովագրական ընկերություն, ինչպես նաև երեք բանկ և անշարժ գույքի ոլորտում գործող կազմակերպություններ։

Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը (C-Quadrat Investment Group) հիմնադրվել է 1991 թվականին Վիեննայում և ժամանակի ընթացքում ձևավորվել է որպես միջազգային ներդրումային հարթակ՝ վայելելով խոշոր ֆինանսական հաստատությունների և մասնավոր ներդրողների վստահությունը։ Խումբը համագործակցում է ավելի քան 80 ապահովագրական ընկերությունների հետ և միավորում է ակտիվների կառավարման ոլորտում գործող ինը անկախ ընկերություններ՝ գլխամասային գրասենյակներով Վիեննայում և Լոնդոնում։

Խմբի անդամ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը արդեն ավելի քան մեկ տասնամյակ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ կառավարելով կենսաթոշակային համակարգի շուրջ 450 հազար մասնակիցների կենսաթոշակային ակտիվները։