ՀՀ բանկերը բիզնեսին կվերադարձնեն քարտերով գնումների սպասարկման համար գերավճար գումարները

Հայաստանի բանկերը բիզնեսին կվերադարձնեն բանկային քարտերով գնումների սպասարկման համար գերավճարված գումարները։ Այս մասին ասված է Հայաստանի բանկերի միության հայտարարության մեջ։

Մարտի 1–ից ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ` մինչև 150 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել է բանկային քարտերով գնումների սպասարկման առավելագույն միջնորդավճար` ArCa ազգային վճարային համակարգի քարտերով գործարքների համար` 0,5 %, իսկ Visa–ի և MasterCard–ի համար` 0,9 %–ը:

Բանկերի միությունը զգուշացնում է, որ այս փոփոխությունների սկզբնական փուլում հնարավոր են տեխնիկական բարդություններ և անճշտություններ (այդ թվում՝ բիզնեսի մոտ կարող են սխալմամբ գերավճարներ գանձվել):

Ինչպես նշվում է միության հայտարարության մեջ` նման դեպքերում բանկերը պարտավորվել են որքան հնարավոր է շուտ վերադարձնել այդ գումարները:

Նման բարդությունների առաջացման դեպքում բանկերի միությունը կոչ է անում ձեռնարկություններին անհապաղ դիմել իրենց ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին: