2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։
Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի կինոյի միջազգային տեսանելիության, համագործակցությունների զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին հայտարարվել է Կաննի կինոփառատոնում։
«Հայաստանը Կաննում ներկայացված է արժանապատվորեն․ հայ կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմերի ընդգրկումից հետո Cannes Classics ծրագրում այս նոր հայտարարությունը մեզ համար ունի խորապես խորհրդանշական, նույնիսկ պատմական նշանակություն»,- ողջույնի խոսքում նշել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ շեշտելով Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթվա» բացառիկ դերը համաշխարհային կինոյում, ինչպես նաև նոր տաղանդների կրթության և բացահայտման գործում։
«Տասնամյակներ շարունակ Կաննի փառատոնի այս խորհրդանշական կառույցը բացահայտում է նոր ձայներ, ուղեկցում երիտասարդ ստեղծագործողներին և աշխարհին ներկայացնում համարձակ, ինքնատիպ մարդկային հայացքներ։ «Քննադատների շաբաթը» միայն գեղարվեստական բացահայտումների հարթակ չէ, այն վաղուց դարձել է կինոյի տեսլականի իրական միջազգային լաբորատորիա։ Հայաստանի համար այս տեսլականին մաս կազմելը մեծագույն պատիվ է։ Այս հրավերը մեր երկրի համար ավելին է, քան մշակութային համագործակցությունը. այն կինոյի ոլորտում նոր էջ է բացում։
«Հաջորդ քայլը» (Next Step Studio) Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթվա» (Critics’ Week) շարունակական միջազգային նախաձեռնություններից է, որն աջակցում է նոր սերնդի կինոգործիչներին՝ ստեղծագործական զարգացման, միջազգային մենթորության և կինոարդյունաբերության հետ կապերի ձևավորման գործում:
Հայաստանը 2027 թվականին լինելու է այս ծրագրի ուշադրության կենտրոնում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել 8 ռեժիսորների՝ 4-ը Հայաստանից և 4-ը տարբեր երկրներից։ Նրանք կաշխատեն զույգերով` 1-ը Հայաստանից և 1-ը՝ արտասահմանից, և Հայաստանում կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմեր։ Կարևոր է, որ ֆիլմերը ստեղծվելու են Հայաստանի միջավայրում՝ ներշնչված մեր երկրի մշակույթից, իրականությունից և մարդկային պատմություններից։

