Ապօրինի կանգնակներ Երևանի փողոցներում. Քաղաքապետարանը հորդորում է չվճարել

Մայրաքաղաքի բնակիչները նկատել են՝ Երևանի փողոցներում, գրեթե ամենուր տեղադրված են կանգնակներ, որոնց տեսնելով վարորդը ստիպված է լինում շարունակել մեքենայի ընթացքը մինչև կայանման վայր գտնելը: Իսկ դա այսօրվա Երևանում ուղղակի անհնարին քվեստ է:

Մամուլը բազմաթիվ անգամներ է բարձրացրել այս հարցը, դիմել պատկան մարմիններին, որպեսզի ինչ-որ բան փոխվի, բայց իրավիճակը գլոբալ առումով չի փոխվում. Տնտեսվարողները կամ անհատները ինքնակամ տեղադրում են կանգնակներ համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում, իսկ ոմանք անգամ գումար վաստակում այս եղանակով՝ տեղը զիջելով փողի դիմաց:

Եվ ահա Երևանի քաղաքապետարանը, կարծես, ուշադրություն է դարձրել այս խնդրին և հորդորում է  չվճարել ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար:

«Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ շարունակում է ուժեղացված ստուգայցերը քաղաքում:

  • Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ շուրջ 30 արհեստական խոչընդոտներ՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել»,- հայտնում են կառույցից:

Հուսանք, սա իսկապես իրավիճակ կփոխի Երևանում և ոչ թե ժամանակավոր լուծում կլինի: