Բացառիկ ցուցադրություն՝ Մատենադարանում. ներկայացվելու է Շուրիշկանի Ավետարանը

Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։

Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։

Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք:

Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։

Որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխում՝ գոյացնելով լճակ: Սուրբ գիրքը դուրս է բերվում միայն յոթ տարի անց՝ աստվածային զորությամբ մնալով գրեթե անվնաս։

Երեք ու կես դար անց՝ 1973թ.-ին, մեծ ոդիսական ունեցող Շուրիշկանի Ավետարանը հայրենադարձ Մատթեոս Ծառուկյանը նվիրաբերում է Մատենադարանին։ Այդպիսով, միջնադարյան մշակույթի գանձարանի նմուշից ճառագող լույսն ու զորությունը փոխանցվում է սերնդե սերունդ։

Խնդրակատար Ավետարանին հաղորդակցվելու և զորություն ստանալու հասցեն մեկն է՝ Մատենադարան, որտեղ և հատուկ ցուցափեղկում ընդամենը մեկ ամիս կցուցադրվի Սուրբ Գիրքը։