ԲԿ տնօրեն դառնալու համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ
Բուժկենտրոնների տնօրենները այսուհետ կարող են լինել ոչ բժիշկ: Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության եւ նշանակման գործընթացում ի հայտ եկած տարբեր խնդիրներն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ:
«Օրենքում վերանայվել են առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները: Նախատեսվում է, որ փոփոխությունները հնարավորություն կտան ընտրելու առավել որակյալ, բանիմաց կադրեր, որոնց նշանակումն առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման եւ ընդհանուր գործունեության արդյունավետությունը»,- ասել է նախարարը:
Նախարարը պարզաբանել է, որ բժշկական կազմակերպությունների ղեկավարների համար բժշկական կրթություն ունենալու պարտադիր պահանջը փոխարինվում է, նախատեսվում են ավելի լայն շրջանակներ եւ հնարավորություններ, ինչը նշանակում է, որ ե՛ւ բժշկական կրթություն ունեցող, ե՛ւ ոչ բժշկական կրթություն ունեցող անձինք, որոնք ղեկավարման բնագավառում կամ առողջապահական կազմակերպություններում ունեն աշխատանքային փորձառություն, կարող են հավակնել ԲԿ-ների ղեկավարի պաշտոնին: Ըստ զեկուցողի՝ պետք է բարձրացվի նաեւ բժշկական կենտրոնների բուժական գծով տեղակալների դերակատարությունը:

