Երևանի քաղաքապետարանը հասավ Հրազդանի կիրճին. ի՞նչ են խոսատնում երևանցիներին

Հրազդանի կիրճի սկզբնամասից 5,5 կիլոմետրի վրա գտնվող հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի:  Այդ նպատակով համայնքային բյուջեն կավելացվի ավելի քան 172 մլն դրամով։

Ամբողջ տարածքը կազմում է 3400 քմ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել զբոսանքի, սպորտային և այլ միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև յոգայի հարթակ, կանաչ գոտի, սրճարանի մակերես և այլն:

Բացի այս, նախատեսվում է բարելավել տրանսպորտային և հետիոտնային ուղիները՝ կիրճի հասանելիությունն առավել անվտանգ դարձնելու համար։ Բարեկարգվող ճանապարհը կլինի 1590 քմ, որից 1020 քմ-ն նախատեսված է մեքենաների և վազորդների, իսկ 570 քմ-ն՝ հեծանվորդների համար։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սա Հրազդանի կիրճի վերափոխման մի փոքր մասն է, շինարարությունը շուտով կմեկնարկի՝ հաղթող կազմակերպությունն արդեն կա։ Նա տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկն ամբողջ Հրազդանի կիրճի վերակենդանացման կոնցեպտ է մշակել, որտեղ ներառված է մի քանի ծրագիր։

Ընդհանուր առմամբ ամբողջական ծրագիրը կյանքի կոչելու համար կպահանջվի 7-8 տարի: