Երևանում կքանդվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքը

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքը կքանդվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 18-ին Երևանի ավագանու նիստում։

Քանդված շենքի տեղում նախատեսվում է կառուցել նոր շինություն։ Ծրագրի նախաձեռնողը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։

Ավելի վաղ երկրի կառավարությունը 750 մլն դրամ էր հատկացրել թանգարանի երկրորդ մասնաշենքի վերակառուցման և առաջին մասնաշենքի վերանորոգման համար, որը փակ է այցելուների համար 2023 թվականի սեպտեմբերից։

2025 թվականի սեպտեմբերին թանգարանի տնօրեն Լուսինե Կարախանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ի սկզբանե նախատեսվում էր ամրացնել երկրորդ մասնաշենքի պատերից մեկը։ Սակայն ապամոնտաժման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ պատը չի համապատասխանում սեյսմակայունության պահանջներին և ենթակա է քանդման։