Ընտրական ցենզ՝ զինկոմիսարիատի միջոցով

Հայաստանի քաղաքական օրակարգում չափազանց մտահոգիչ սյուժե է ծավալվում։ Վերջին շրջանում իշխանամերձ շրջանակների և  իշխանության հետ փոխկապակցված լրատվամիջոցների կողմից ակտիվորեն շրջանառվում է ընտրական գործընթացում «արտաքին վտանգի» թեզը։ Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին նախապես մեղադրում են, իբր նրանք պատրաստվում են զանգվածաբար վերադառնալ Հայաստան՝ ընտրություններին գումարի դիմաց հօգուտ ընդդիմության քվեարկելու համար։

Այս նարատիվն իշխանական թևն այնքան կրկնեց, որ սկզբում ինքն էլ հավատաց, իսկ հավատալուց հետո «հերոսական» պայքարի մղվեց իր իսկ քաղաքացիների դեմ։


Կրակի վրա յուղ լցրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Ռազմական ոստիկանության աշխատակիցները սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող քաղաքացիներին 25-օրյա վարժական հավաքների ծանուցագրեր են փոխանցում, նախարարը շրջանցեց ընթացակարգային մանրամասները, բայց, որ ամենակարևորն է, հրաժարվեց բացառել հայրենիք վերադարձող հայրենակիցների ներգրավումը հավաքներին։


«Ինչպե՞ս կարող եմ բացառել դա։ Եթե Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ ունի։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Ոչ միայն ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նախանգներից և այլն», — հայտարարել է Պապիկյանը։


Առաջին հայացքից նախարարի խոսքերը հնչում են որպես սահմանադրական պարտքի հիշեցում։ Սակայն, եթե դրանք տեղադրենք ներկայիս քաղաքական համատեքստում, ակնհայտ է դառնում. սա վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում է։

Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Երբ ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների զանգվածային ժամանման մասին լուրերի ֆոնին պաշտպանության նախարարը հրապարակավ հայտարարում է, որ երկիր մուտք գործող ցանկացած համապատասխան տարիքի տղամարդ կարող է 25 օրով հայտնվել պոլիգոնում, դա պաշտպանունակության ամրապնդման մասին չէ։ Դա անառողջ մթնոլորտ ձևավորելու մասին է։


Պարզից էլ պարզ է, որ այս ամենի մեջ կա մի շատ պարզ, կենցաղային և պրագմատիկ հաշվարկ, որը իշխանությունները հիանալի հասկանում են: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և աշխատող ՀՀ քաղաքացին գուցե և կարող է իրեն թույլ տալ մեկ-երկու շաբաթով գալ Հայաստան՝ այդ թվում ընտրություններին մասնակցելու նպատակով: Սակայն մեծամասամբ մարդիկ պատրաստ չեն լինի Հայաստանում մնալ 25 օր:


Դա արդեն կարճատև հայրենասիրական այց կամ հերթական արձակուրդ չէ, այլ լուրջ հարված աշխատանքային գործունեությանը: Ռուսաստանյան գործատուները հազիվ թե հարգելի համարեն աշխատակցի գրեթե մեկամսյա բացակայությունը աշխատանքից, առավել ևս՝ հաշվի առնելով մեր երկրների միջև ներկայիս երկկողմ հարաբերությունների բավականին լարված ու սառը համատեքստը:


ՌԴ աշխատանքային օրենսդրությունը պարտավորեցնում է գործատուին պահպանել աշխատատեղը միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է հենց Ռուսաստանի զինված ուժերի վարժական հավաքներին: Հայաստանի պաշտպանության նախարարության ծանուցագիրը ռուսաստանյան մասնավոր կամ պետական ընկերության համար իրավական ուժ չունի, և նման բացակայությունը հեշտությամբ կարող է որակվել որպես անհարգելի՝ հանգեցնելով անհապաղ աշխատանքից ազատման:


Այսպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցը կանգնում է կոշտ ընտրության առաջ՝ գալ հայրենիք ու կատարել ընտրական իրավունքը՝ վտանգելով սեփական աշխատանքը, եկամտի աղբյուրն ու կեցության կայունությունը, թե՞ պարզապես հրաժարվել այդ մտքից: Սա տնտեսական ու վարչական լծակներով իրականացվող բացահայտ զսպման մեխանիզմ է, որի նպատակն է թույլ չտալ, որպեսզի արտերկրում բնակվող քաղաքացիները ֆիզիկապես հասնեն ընտրատեղամասեր:

Եթե նման մեթոդները դառնան նորմ, ապա Հայաստանում ազատ և արդար ընտրությունների գաղափարը կարելի է վերջնականապես հանձնել արխիվ։