Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցողների համար ընթացակարգերը կհեշտացվեն

Միգրացիոն ծառայությունների ոլորտում նորություններ կան, որոնք կյանքը կդարձնեն ավելի հեշտ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցների համար։ ՀՀ Կառավարությունը հերթական կարևոր որոշումն է կայացրել՝ ուղղված վարչական բեռի թեթևացմանը և քաղաքացիների սպասարկման բարելավմանը։

Ի՞նչ է փոխվում հիմա:

Այսուհետ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտությունն անցյալում է մնում։ ՀՀ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականին տրամադրված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետն այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով։ Սա նշանակում է, որ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո ձեր վկայականը կմնա ուժի մեջ՝ առանց լրացուցիչ գործողությունների անհրաժեշտության։

Կարևոր հիշեցումներ բոլորի համար:

  • ՀՀ սահմանահատում կատարելիս՝ մուտքի ուղղությամբ, Ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Սա ևս մեկ պարզեցում է, որը կօգնի ավելի հեշտ կազմակերպել ձեր տեղաշարժը։
  • Ուշադրություն. Եթե դուք ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո փոխել եք ձեր անձնագիրը (այն կորցնելու, վավերականության ժամկետի ավարտվելու կամ վնասվելու պատճառով), ապա այս դեպքում անհրաժեշտ է դիմել նոր վկայական ստանալու համար։ Սա պայմանավորված է նրանով, որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է բացառապես գործող և վավեր անձնագրի հիման վրա։

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է իր ջանքերը՝ քաղաքացիների համար միգրացիոն գործընթացները հնարավորինս դյուրին ու թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Այս փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնելու բյուրոկրատիան և ավելացնելու ծառայությունների մատչելիությունը։