Հայաստան այցելուների թիվն աճում է, բայց կառուցվածքը փոխվում է
2025 թվականին Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 216 հազարով, ինչի արդյունքում նրանց մասնաբաժինը ընդհանուր զբոսաշրջային հոսքում կազմել է 41 տոկոս՝ նախկին 52–53 տոկոսի փոխարեն։
Դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 933 զբոսաշրջիկ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ սա դեկտեմբեր ամսվա լավագույն ցուցանիշն է՝ ընդգծելով նաև, որ մայիս-նոյեմբեր ամիսների ցուցանիշները պատմականորեն ամենաբարձրն են եղել։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը շուրջ 2,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա և 19,4 տոկոսով՝ 2019 թվականի ցուցանիշը։
Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտում պատմական առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2023 թվականին՝ 2,3 միլիոն այցելու, ինչը մոտ 39 տոկոսով ավելի է 2022 թվականի համեմատ։ Սակայն 2025 թվականին ռուս զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի մակարդակի համեմատ նվազել է 216 հազարով, ինչի հետևանքով Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր հոսքում զգալիորեն կրճատվել է։ Ինչպես նշել է նախարար Պապոյանը, կառավարության քաղաքականությունը միտված է այլ երկրների զբոսաշրջիկների մասնաբաժնի աճին։
Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել Զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարությանը։ Փաստաթղթի համաձայն՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է օտարերկրյա զբոսաշրջիկների թվի տարեկան միջինում 10 տոկոս աճ՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման հաշվին։ Արդյունքում միջազգային այցելությունների թիվը պետք է հասնի շուրջ 3 միլիոնի, իսկ ոլորտի տարեկան եկամուտները՝ մոտ 3 միլիարդ դոլարի։
Զբոսաշրջային հոսքերի աճը նախատեսվում է ապահովել մի շարք ռազմավարական քայլերի միջոցով՝ ենթակառուցվածքների բարելավում, ներդրումների ներգրավում, նպատակային մարքեթինգային արշավների իրականացում, ծառայությունների որակի բարձրացում, մարդկային ռեսուրսների զարգացում, միջազգային համագործակցության ակտիվացում, նոր ավիաուղիների գործարկում և զբոսաշրջային հոսքերի դիվերսիֆիկացում։
Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ ռազմավարության լիարժեք իրագործման դեպքում մինչև 2030 թվականը Հայաստան տարեկան կունենա շուրջ 3 միլիոն ներգնա և 4,5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ, իսկ ոլորտի եկամուտները կաճեն մինչև 3,5 միլիարդ դոլար։

