Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը աճել են. 2025-ին` ավելի քան 1700 դեպք

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի թիվը շարունակում է աճել։ 2025 թվականին երկրում արձանագրվել է 1,723 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ զգալի աճ է։ Տվյալների համաձայն՝ 2024-ի համեմատ դեպքերի թիվն ավելացել է 363-ով, կամ մոտ 27 տոկոսով։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը գրանցվում են գրեթե ամեն օր։ Միջին հաշվով օրական արձանագրվում է 4-ից 5 նման դեպք։

Առանձնապես նկատելի աճ է արձանագրվել Երևանում։ Եթե 2024 թվականին մայրաքաղաքում գրանցվել էր 398 դեպք, ապա 2025 թվականին այդ թիվը հասել է 735-ի։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դեպքերի թիվն աճել է մոտ 85 տոկոսով։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընտանեկան բռնության դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի ավելացմամբ։

Միևնույն ժամանակ կանանց կողմից ամուսինների նկատմամբ բռնության ցուցանիշը վերջին տարիներին գրեթե չի փոխվել։ Այդպիսի դեպքերի թիվը տարեկան կազմում է շուրջ 27 դեպք։