Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների թիվը շարունակում է աճել

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում, ինչպես նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում իրականացված շաբաթական մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) հոսպիտալացվածների թիվը շարունակում է աճի միտում ունենալ։ Վերջին տվյալներով գրանցվել է 90 նոր դեպք, ինչը 4%-ով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը։

«Հերացի» կենտրոնի փոխանցմամբ՝ նոր արձանագրված դեպքերը կազմել են հոսպիտալացվածների ընդհանուր թվի 7%-ը։ Տարիքային բաշխման վերլուծությունը ցույց է տալիս, որ դեպքերը հիմնականում կենտրոնացած են երկու խմբերում՝ 0-4 և 5-14 տարեկանների շրջանում։

Առավել բարձր ցուցանիշ արձանագրվել է 0-4 տարեկանների խմբում, որտեղ դեպքերը կազմել են ընդհանուրի 60%-ը՝ աճելով մոտ 20%-ով նախորդ շաբաթվա համեմատ։ Այս տարիքային խմբից հինգ երեխա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Մինչդեռ 5-14 տարեկանների շրջանում դեպքերը կազմել են մոտ 40%։

Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտվել է ԾՍՇՎ-ի 4 նոր դեպք, և մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Եվրոպական հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ECDC) տվյալներով՝ 2026 թվականի մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում գրիպի տարածաշրջանային ցուցանիշը նվազել է և իջել համաճարակային շեմից ցածր։ Ակտիվություն արձանագրվել է միայն որոշ երկրներում, իսկ հոսպիտալացվածների մեծ մասը 65 և բարձր տարիքի անձինք են։

Տարածաշրջանում շարունակվում է աճել A(H1) գրիպի վիրուսի մասնաբաժինը՝ հասնելով 43%-ի, մինչդեռ A(H3) ենթատեսակը կազմում է 57%։ Գրիպի դրական թեստերի ընդհանուր մակարդակը նվազել է՝ կազմելով 8%։

SARS-CoV-2 վարակի ակտիվությունը պահպանվում է ցածր՝ մոտ 2% մակարդակում։ Միևնույն ժամանակ շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը շարունակում է մնալ բարձր՝ շուրջ 10%, առավելապես ազդելով մինչև 5 տարեկան երեխաների վրա։