Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը վեց ամսով կկրճատվի
Հայաստանում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը կփոխարինցի 18-ամսյա ծառայության ժամկետով: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության առաջարկի քննարկման ժամանակ:
Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատել, դրա գործողությունը տարածելով 2026 թ. հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:
Նախարարը պարզաբանել է, որ 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թ. հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թ. ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
«Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026թ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա», — ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք, առաջին անգամ զինվորական պարտադիր ծառայության ժամկետի կրճատման մասին խոսվեց սեպտեմբերին: Շատերը այս փոփոխությունը կապում են 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ:

