Հայաստանում ջրային ոլորտի մասնագետների պակաս կա

Հայաստանում ջրային ոլորտի մասնագետների խիստ պակաս կա, այդ առնչությամբ դիտարկվում է տեղական բուհերից մեկում պիլոտային ձեւաչափով համաշխարհային առաջատար համալսարաններից մեկի պրոֆիլային ուղղության կրթական ծրագրի ներդրման հնարավորությունը: Այդ մասին ասվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրությունում՝ հղում անելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի հանդիպման արդյունքներին։

 

Մասնավորապես, կողմերը քննարկել են ջրային ոլորտում պետական քաղաքականության շրջանակներում կրթական, գիտական և հասարակական-լուսավորչական բաղադրիչների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր: Նրանք ընդգծել են բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կառույցների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, քննարկել ջրի նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի ձևավորմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի աշխարհագրական և ջրային առանձնահատկությունները հաշվի առնելով էկոլոգաուսումնական դասընթացների առավել հասցեական մշակման անհրաժեշտությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նաև տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի շուրջ 40 բնակավայրերի դպրոցներում ջրամատակարարման հետ կապված խնդիրների մասին: Ջրային կոմիտեի նախագահը պատրաստակամություն է հայտնել «Հայաստան. կայուն Սյունիք» և Ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (Water and Irrigation Services Enhancement — WISE) շրջանակներում համակողմանիորեն ուսումնասիրել բարձրացված խնդիրները և դիտարկել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հանդիպման արդյունքում առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ ՝ հետագա քննարկումների և ծրագրերի իրականացման համար: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը ՝ ուղղված համատեղ նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև կրթության համակարգի և ջրային քաղաքականության միջև կայուն կապերի ձևավորմանը: