ՀՀ ԱԳՆ-ն պատրանքներ չունի, որ Հայաստանը 2028 կամ 2030 թվականին ԵՄ անդամ կդառնա

Մենք միամիտ պատրանքներ չունենք, որ Հայաստանը 2028 կամ 2030 թվականին ԵՄ անդամ կդառնա։ Այս մասին հայտարարել է հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ ելույթ ունենալով Համաշխարհային քաղաքական համաժողովի շրջանակում անցկացվող «ԵՄ-ն իբրև ռազմավարական գործընկեր. Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը:

Նրա խոսքով, ԵՄ անդամակցության Հայաստանի ձգտման ճանապարհին ամենաանսովոր հանգրվաններից մեկը անցյալ տարվա մարտին ՀՀ խորհրդարանի ընդունած օրենքն է, որը հնարավորություն է տալիս սկսել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։

“Մենք պատրանքներ չունենք, բայց դա քաղաքական հայտարարություն է, որը մատնանշում է մեր աշխատանքի ուղղությունը։ Ներկայում մենք աշխարհում միակ երկիրն ենք, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզաների ազատականացման շուրջ, և մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։ Փաստացի, անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի և ԵՄ-ի ընդունած «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգ» փաստաթուղթը լավ հիմք և ճանապարհային քարտեզ է ստեղծում Հայաստանի՝ Եվրոպական միությանը ոլորտային և աստիճանական ինտեգրման համար՝ ներառելով անվտանգության և տնտեսության ոլորտի բազմաթիվ կարևոր բաղադրիչներ, որոնք բացակայում էին 2017 թվականի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»»,- հայտարարել է Կոստանյանը։

Նա նաև ցավով արձանագրել է, որ եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադարձությունների տեմպերին։