Նարե և Դավիթ. Հայաստանում հրապարակվել է 2025 թվականի ամենատարածված անունների ցանկը
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականին Հայաստանում ծնված երեխաների ամենահայտնի անունների թարմացված ցանկը։ Ըստ 2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ առկա տվյալների՝ ծնողների նախապատվությունների հարցում տարիների ավանդույթը մնում է անփոփոխ. ցանկը շարունակում են գլխավորել Նարեն և Դավիթը։
Առաջատար հնգյակները
Անցած տարվա ընթացքում Դավիթ անունով կոչել են 1 119 տղա երեխայի, իսկ Նարե անունը ստացել է 578 աղջիկ։
Տղաների ամենատարածված անունների հնգյակն ունի հետևյալ տեսքը.
- Դավիթ (1 119)
- Նարեկ (704)
- Հայկ (608)
- Ռոբերտ (569)
- Միքայել (552)
Աղջիկների շրջանում առաջատար հնգյակում են.
- Նարե (578)
- Արփի (506)
- Լուսե (504)
- Մարիա (484)
- Անգելինա (425)
Կարճ և օտարածին անունների թրենդը
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղաների անունների հարցում ծնողները հաճախ ընտրում են անունների կրճատ տարբերակները։ Օրինակ՝ Լեոն զբաղեցնում է պատվավոր 9-րդ հորիզոնականը (460 երեխա)։ Տարածված են նաև Ալեքս (188) և Մաքս (74) անունները։ Օտարածին անուններից հայտնի են Մարկը (467), Դանիելը (361), ինչպես նաև Հենրին, Էրիկը, Ալենը, Ադամը, Ռաֆայելն ու Ալեքսանդրը։
Աղջիկների անունների պարագայում օտարածին անունների ներթափանցումն ավելի զգալի է։ Ամենատարածվածներից է Եվան (311 երեխա՝ 6-րդ տեղ)։ Ցանկում մեծ թիվ են կազմում նաև Ամելի, Մարի, Արիանա, Էմիլի, Սառա, Սոֆի, Ադրիանա, Էլեն, Լիա և Էլինա անունները։
Ո՞ր անուններն են կորցնում իրենց տարածվածությունը
Հետաքրքրական է, որ որոշ ավանդական հայկական անուններ սկսել են ավելի հազվադեպ հանդիպել։ Տղաների շրջանում նվազագույն տարածվածություն ունեն Արնո (69), Հարություն (70) և Վահագն (72) անունները։ Աղջիկների դեպքում ամենաքիչը հանդիպում են Կարինե (51), Արմինե (52) և Լուսինե (52) անունները։
Ընդհանուր ժողովրդագրական պատկերը
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025 թվականին Հայաստանում ծնվել է ընդհանուր առմամբ 32 032 երեխա, որոնցից 15 246-ը՝ աղջիկ, իսկ 16 786-ը՝ տղա։

