Նոր կանոններ շինարարության համար՝ օդն ավելի մաքուր պահելու նպատակով
Շինարարական ընկերությունները Երևանում և ողջ Հայաստանում այլևս չեն կարողանա ազատ «փոշի բարձրացնել». սահմանվել են նոր խիստ պահանջներ, որոնք կօգնեն նվազեցնել օդի աղտոտվածությունը շինարարական աշխանաքների իրականացումից: Այս մասին հայտնել է Քաղաքաշինության կոմիտեն:
Շուտով arlis.am-ում կհրապարակվեն և ուժի մեջ կմտնեն «Շինարարական արտադրության կազմակերպում» նոր շինարարական նորմերը, որոնք նախատեսում են ժամանակակից միջոցներ՝ շրջակա միջավայրը պաշտպանելու համար:
Ի՞նչ է պահանջվում շինարարներից.
- Ամբողջ շինարարության ընթացքում պետք է անընդհատ վերահսկել փոշու և արտանետումների մակարդակը՝ ջրել տարածքը, օգտագործել փոշեճնշիչ սարքեր, մառախուղ ստեղծող համակարգեր և ցածր արտանետումներով տեխնիկա:
- Շինհրապարակները պարտադիր պետք է կահավորված լինեն օդի որակի մոնիթորինգի սարքերով՝ իրավիճակին իրական ժամանակում հետևելու համար:
- Ժամանակավոր ճանապարհները պետք է ծածկվեն բետոնով կամ կոշտ նյութերով, իսկ մնացած հողային մակերեսները՝ խճով, որպեսզի մեքենաները փոշի չբարձրացնեն:
- Պարտադիր են փոշեպաշտպան ցանցերն ու պատնեշները, կանոնավոր մաքրումը, նյութերի ճիշտ պահեստավորումն ու փոխադրումը:
Այս ամենը կօգնի զգալիորեն կրճատել շինարարության ազդեցությունը օդի վրա՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, որտեղ վերջին տարիներին շինբում է եռում:
Նոր նորմերը մշակվել են Քաղաքաշինության կոմիտեի տարեկան պլանով և ներառվել են նաև Կառավարության 2025-2030 թթ. մթնոլորտային օդի պահպանության ծրագրում: Արդյունքում՝ շինարարությունը կդառնա ավելի էկոլոգիապես պատասխանատու:

