Շտապօգնությունը նոր մեքենաներ է ձեռք բերել սեփական միջոցներով. 2026-ին սպասվում է նոր համալրում

Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայությունը վերջին տարիներին առաջին անգամ ավտոպարկը թարմացրել է սեփական ֆինանսական միջոցներով։ 2025 թվականին ընկերությունը լիզինգային սխեմայով ձեռք է բերել Mercedes մակնիշի յոթ նոր շտապօգնության մեքենա։ Նախկինում մեքենաները հիմնականում ստացվում էին որպես նվիրատվություն, սակայն այժմ ծառայությունն անցնում է ինքնաբավ մոդելի։

Գնման ֆինանսական մեխանիզմը կառուցվել է այնպես, որ բանկային ավանդներից ստացված տոկոսներն ուղղվում են լիզինգի մարմանը, իսկ պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքի մի մասը՝ նվազեցնելով բյուջետային ծանրաբեռնվածությունը։ Բոլոր մեքենաներն առաջին անգամ ապահովագրված են նաև կասկո տարբերակով, իսկ երեք տարի ունեն անվճար տեխնիկական սպասարկում պաշտոնական ներկայացուցչի կողմից։

Նոր մեքենաներից մեկը համալրված է որպես ռեանիմոբիլ, մյուսները սպասարկում են գծային բրիգադներին։ Ծառայությունը նաև առաջին անգամ ձեռք է բերել էլեկտրական բժշկական սայլակ՝ ծանր պացիենտների անվտանգ տեղափոխման համար։

2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել մինչև տասը նոր շտապօգնության մեքենա։ Ծրագրի նպատակն է ամեն տարի թարմացնել ավտոպարկը և ապահովել ժամանակակից տեխնիկա ոչ միայն Երևանում, այլև մարզերում։