Պետությունը ամբողջությամբ կֆինանսավորի բազմազավակ ընտանիքների բնակարանային հարցը

Հայաստանում նախատեսվում է գործարկել նոր ծրագիր, որի շրջանակում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կկարողանան պետության աջակցությամբ բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել։ Նախագիծը հրապարակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ իրավական ակտերի միասնական հարթակում։

Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել բազմազավակ ընտանիքների համար բնակարանների հասանելիությունը և բարելավել նրանց կենսապայմանները։ Նշվում է, որ ներկայում գործող աջակցման մեխանիզմը սահմանափակվում է միանվագ օգնությամբ, իսկ վարկային պարտավորությունները մնում են շահառուների վրա։

Նոր առաջարկով նախատեսվում է մինչև 100 տոկոս պետական սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին առանց լրացուցիչ ֆինանսական բեռի ձեռք բերել բնակարան կամ կառուցել սեփական տուն։

Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով նախատեսվում է հատկացնել 4 մլն դրամ։ Եթե ընտանիքը նախընտրի բնակվել գյուղական բնակավայրում, կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ՝ հողամասի ձեռքբերման կամ շինարարության համար։

Ըստ նախնական տվյալների՝ Հայաստանում կա 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանցից 390-ը ունեն 6 երեխա, 143-ը՝ 7, իսկ մյուսները՝ ավելի մեծ թվով երեխաներ։

Ծրագրով սահմանվում է նաև նվազագույն բնակմակերես՝ յուրաքանչյուր անձի համար 10 քմ։ Օրինակ, 6 երեխա ունեցող ընտանիքի համար անհրաժեշտ նվազագույն բնակմակերեսը կազմում է մոտ 80 քմ, որի համար կարող է տրամադրվել շուրջ 24 մլն դրամ աջակցություն։

Նախագծի իրականացման համար առաջիկա 10 տարիներին պետական բյուջեից կարող է պահանջվել առավելագույնը 31,9 մլրդ դրամ՝ պայմանով, որ ծրագրին մասնակցեն բոլոր շահառու ընտանիքները։