Սոցիալական աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով՝ ապրիլի 1-ից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր սոցիալական էջում հայտնել է, որ նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը ապրիլի 1-ից կբարձրանան 30 տոկոսով։
Նախարարը նշել է, որ դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է խնամքի հաստատությունների, ցերեկային կենտրոնների աշխատակիցներին, ինչպես նաև երեխաների, տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող կառույցներին։
«Լավ լուրով եմ ուզում կիսվել, հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների և ցերեկային կենտրոնների համար։ Ապրիլի 1-ից բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով, և դա հնարավոր է դարձել բյուջետային կարգապահության և արդյունավետ կառավարման շնորհիվ», — նշել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ աշխատավարձերի բարձրացումը կարտացոլվի մայիս ամսվա վճարումներում, երբ աշխատակիցները կստանան արդեն բարձրացված՝ շուրջ 30 տոկոսով ավել աշխատավարձ։
Նախարարը ընդգծել է նաև, որ այս որոշումը միաժամանակ ենթադրում է աշխատանքի որակի բարձրացման ակնկալիք։
«Ես ակնկալում եմ ավելի մեծ ջանքեր և ավելի լավ աշխատանք մեր քաղաքացիներին ծառայություններ մատուցելիս։ Ձեր աշխատանքային պայմանների բարելավումը եղել է իմ առաջնահերթությունը առաջին օրվանից և շարունակելու է մնալ այդպիսին», — ասել է նա։

