Սոցիալական փաթեթ՝ առանց բժշկական տեղեկանքի

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից  կանխարգելիչ բուժզննումն այլևս պարտադիր չէ սոցփաթեթ ակտիվացնելու համար։ 

Հանգստի, հիպոտեկի, ուսուցման, ատամնաբուժության, սպորտի, մշակութային ծառայությունների եւ այլ ուղղությունների, ինչպես նաեւ կուտակումների կանխիկացման համար շահառուներից բանկերը այլեւս չեն պահանջի բժշկական տեղեկանք։ Սակայն միջոցները կանխիկացնելու կանոնները մնում են նույնը։ Դրանք իրավունք ունեն կանխիկացնելու միայն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները, ինչպես նաեւ որոշակի իրավական պահանջներ բավարարող անձինք։

Ստացողը կարող է դուրս բերել 2025թ․ կենսաթոշակային խնայողական ֆոնդին կատարած իր մուծումների չափին համարժեք գումար։ Եթե նրա սոցիալական փաթեթի հաշվին մի քանի տարվա ընթացքում կուտակվել է զգալի գումար, այն չի կարող միանգամից ամբողջությամբ դուրս բերվել. կիրառվում են սահմանաչափեր։

Մասնավորապես՝ եթե անձը մի քանի տարի չի օգտագործել իր սոցիալական փաթեթի միջոցները եւ, օրինակ, հինգ անգամ կուտակել է 72 հազար դրամ, նա 2026թ. կկարողանա դուրս բերել 2025թ. կենսաթոշակային խնայողական ֆոնդին կատարած իր մուծումների չափին համարժեք գումար։

Մեկ այլ նոր կանոն է կիրառվում նրանց համար, ովքեր ապահովագրական վճարներ են վճարում այս տարվա իրենց աշխատավարձից, այլ ոչ թե իրենց սոցիալական փաթեթի միջոցներից։ Հաջորդ տարի նրանք կկարողանան իրենց սոցիալական փաթեթի միջոցներից դուրս բերել նախորդ տարի վճարված ապահովագրական վճարների չափին համարժեք գումար։

Այս փոփոխություններն ընդլայնում են մեր քաղաքացիների ընտրության ազատությունը եւ լրացուցիչ հնարավորություններ են ընձեռում կառավարելու իրենց սոցիալական փաթեթի միջոցները։