Վտանգավոր խաղալիքներ՝ Երևանի ամենախոշոր սուպերմարկետների ցանցում
Ինչպե՞ս ապահովագրել երեխաներին ժամանակակից աշխարհի վտանգներից: Ծնողները մշտապես փորձում են ընտրել լավագույնն ու որակյալը իրենց զավակների համար, սակայն, պարզվում է, անբարեխիղճ արտադրողներն ու տնտեսավարողները առանց աչքները թարթելու պատրաստ են թիրախավորել երեխաներին հանուն եկամուտի:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օրերս ահազանգեց այն մասին, որ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին («Երևան Սիթի») պատկանող սուպերմարկետներում, մասնավորապես, իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
- արտադրանքի իրացման կասեցման,
- վաճառքից հետկանչման,
- և ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմնից բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, հորդորում են կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով:
Ցավոք, վերջին ամիսներին սա առաջին դեպքը չէ, երբ վերահսկող մարմինը հայտնաբերում է վտանգավոր խաղալիքներ: Հարգելի ծնողներ, զգոն եղե՛ք:

