Գյումրու ամենահայտնի «վառեմ-մարեմ» պատշգամբը վերանորոգվում է

Հիշո՞ւմ եք «Մեր մանկության տանգոն» ֆիլմը և այդ ֆիլմից հետո հայտնի դարձած «վառեմ-մարեմ» պատշգամբը: Երկար տարիներ այն չէր վերանորոգվել, և ահա 2027 թվականին այն ամբողջովին նորոգված կհանձնվի գյումրեցիներին և Գյումրու հյուրերին: Այսօր պատմական շենքի ներսում արդեն մեծածավալ ամրացման աշխատանքներ են տարվում, որն ավելի ճիշտ է կոչել շենքի հիմնային կառուցում, քանի որ շենքը վաղուց անմխիթար վիճակում էր՝ չունի տանիք, անձրևից քայքայված են պատերը:

Անցյալ դարի վերջում Գյումրիում նկարահանված կինոֆիլմերը քաղաքը դարձրեցին կինոպատմություն կերտող միջավայր: «Մեր մանկության տանգոն» ֆիլմը դրանցից մեկն ու թերևս ամենակարևորներից է: Այն նկարահանվել է 1984 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից, և անմիջապես սիրվել հայ հանդիսատեսի կողմից:

Ֆիլմի ռեժիսորն է Ալբերտ Մկրտչյանը: Գլխավոր դերերում են Մհեր Մկրտչյանը և Գալյա Նովենցը: Էկրաններ բարձրանալուց հետո ֆիլմում հնչած բոլոր խոսքերը դարձան թևավոր: Այն պատմում է անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին, որը հետպատերազմյան ծանր տարիներին կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։ «Մեր մանկության տանգոն» սիրո ու դավաճանության, ընտանիքի ու բաժանության, ընտանիքի համար պայքարի ու աշխարհի ծռության մասին է։ Այն մեր բոլորիս, կյանքի մասին է: Իզուր չէ, որ ֆիլմի նկարահանելուց հետո այդ պատշգամբին գյումրեցիները այլ անուն ու հասցե տվեցին՝ «Վառեմ-մարեմի բալկոնը»։

Ի դեպ, այն պատկանել է ալեքպոլցի հայտնի առևտրականներ Աբովյաններին  ու Խոյեցյաններին: Խորհրդային տարիներին շենքի մի հատվածում գործել է նաև ռուսական բանակի փոստային բաժանմունքը: Վերջին տարիներին Գյումրին Հայաստանի ամենապահանջված տուրիստական ուղղություններից է, և «վառեմ-մարեմի» հիմնահատակ վերանորոգումը էլ ավելի կմեծացնի հետաքրքրությունը թե՛ քաղաքի, թե՛ այս պատմական վայրի, թե՛ ֆիլմի նկատմամբ, որը մեր մշակույթի անքակտելի մասն է: