Երևանի թանգարանները դարձան նորաձևության բեմ

Երևանի նորաձևության շաբաթը այս տարի անցավ թանգարանների պատերի ներսում:
Չորս մշակութային օջախ՝ Ազգային պատկերասրահը, Ռուսական արվեստի թանգարանը, Փարաջանովի անվան թանգարանը և Շարամբեյանի ժողովրդական արվեստների թանգարանը՝ միավորվեցին «Կերպի ձևը» ընդհանուր կարգախոսի ներքո: Արդյունքում ստացվեց ոչ թե ցուցադրություն, այլ արվեստի և նորաձևության երկխոսություն, որտեղ անցյալի կտավները վերածվեցին ժամանակակից զգեստների:

Նախաձեռնությունը համակարգել են ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը և Մշակույթի զարգացման հիմնադրամը:

Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվեցին 25 հայ դիզայներների աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը ոգեշնչվել էր թանգարանի մշտական ցուցադրությունից: Սուրենյանցի, Այվազովսկու, Սարյանի, Ժանսեմի, Հակոբ Հովնաթանյանի գործերը վերածվեցին ժամանակակից սիլուետների: Կտավի գույները, գծերը, խորհրդանիշները տեղափոխվեցին գործվածքների վրա՝ ստեղծելով արվեստի շարունակություն:

Արթուր Ֆոնվիզինի «Կնյազևսկայա Տատյանա Բորիսովնայի դիմանկարը» (ջրաներկ, երկկողմանի՝ հետևում նատյուրմորտով) դարձավ Moment of White բրենդի հավաքածուի կենտրոնական կտորը: Ցուցադրությունը ցույց տվեց նորաձևության երկակիությունը՝ կերպարվեստի և ժամանակակից դիզայնի միջև լարվածություն և ներդաշնակություն:

Անցյալ տարվա հաջողված փորձից հետո Փարաջանովի անվան թանգարանը կրկին բացեց դռները նորաձևությանը: Վահան Խաչատրյանը և Մանե Մելիքյանը ներկայացրին հավաքածուներ, որոնք վերաիմաստավորում էին Փարաջանովյան աշխարհը՝ կոլաժները, խորհրդանիշները, գույները դարձնելով հագուստի մաս: Թանգարանը վերածվեց ստեղծագործական լաբորատորիայի:

Ժողովրդական արվեստների թանգարանում ցուցադրվեցին ժանեկներ, ասեղնագործություններ, մաքրամե, կանացի տարազներ, արծաթե զարդեր՝ զուգահեռ TUMO ստուդիաների Hand by hand ծրագրի հսկա ձեռագործ աշխատանքների և LOOM WEAVING բրենդի զգեստների հետ: Այստեղ ավանդույթը հանդիպեց նորարարությանը, ցույց տալով, որ հայկական գործվածքի արվեստը կենդանի է:

Ցուցադրությունները շարունակվում են թանգարաններում: Արժե տեսնել, թե ինչպես է անցյալը շնչում ներկայում: