Լավ լուր. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հատվածը կվերակառուցվի և ամբողջությամբ կբերվի իր նախնական տեսքին։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը։

Նա տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ անհրաժեշտ փաստաթղթային փաթեթով համալրված էսքիզային նախագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան։

«Հաշվի առնելով կառույցի նշանակությունը և քաղաքի զարգացման համար ծրագրի կարևորությունը՝ վերակառուցմանն ուղղված բոլոր քննարկումները և աշխատանքները կատարվում են առաջնահերթության կարգով, հնարավորինս սեղմ ժամկետներում», – ասել է Վարդազարյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով նախագծին, ընդգծել է կառույցի բացառիկ նշանակությունը մայրաքաղաքի համար։

«Սա քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից մեկն է, որը մի պահ եղել է նույնիսկ քանդման վտանգի առջև», – ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ քաղաքի համար ամենակարևորն այն է, որ ամառային դահլիճն ամբողջապես վերականգնվի։