Հունիսի 1-ը Երևանում․ որտեղ և ինչպես կնշվի Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ տոն, որի նպատակն է հիշեցնել երեխաների իրավունքների, նրաց անվտանգության, առողջության և բարեկեցության ապահովման անհրաժեշտության մասին: Հայաստանում այս օրն ավանդաբար ուղեկցվում է բազմաթիվ մշակութային, կրթական և ժամանցային միջոցառումներով՝ նախատեսված երեխաների և նրանց ծնողների համար:

 

Այս տարի Երևանում կենտրոնական տոնական միջոցառումները կազմակերպում է քաղաքապետարանը: Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ից 18:00-ն, մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում են տոնական ծրագրերի՝ Կարապի լճի հարակից տարածքում և Հյուսիսային պողոտայում: Երեխաների համար պատրաստված են խաղեր, ժամանցային ծրագրեր և տարբեր անակնկալներ:

 

Տոնի գլխավոր հերոսը կլինի քաղաքի սիրված թալիսմանը՝ Առյուծիկը: Քաղաքապետարանից խոստանում են, որ օրը կավարտվի հատուկ անակնկալով. ժամը 20:30-ին Ազատության հրապարակում Առյուծիկը կբացահայտի մի «կարևոր գաղտնիք», որի մանրամասները դեռևս չեն հանրայնացվում:

 

Բացի այդ, Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա դպրոցականների ավագանու ավանդական նիստը՝ երեխաների մասնակցությամբ: Նախաձեռնության շրջանակում դպրոցականները կներկայացնեն քաղաքի զարգացման վերաբերյալ իրենց գաղափարներն ու առաջարկները, ինչպես նաև կքննարկեն քաղաքային առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:

 

Հատուկ ծրագիր է պատրաստել նաև Երևանի կենդանաբանական այգին: Ժամը 11:00-ից 17:00-ն այգու տարածքը կվերածվի մեծ տոնական հարթակի: Մինչև 16 տարեկան երեխաների համար մուտքն անվճար կլինի: Բացի այդ, այցելուների հարմարավետության համար կազմակերպվելու են անվճար ավտոբուսային երթեր «Երիտասարդական» մետրոյի կայարանի մոտակա կանգառից դեպի կենդանաբանական այգի:

 

Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Երևանի մետրոպոլիտենում: Ժամը 14:00-ին «Բարեկամություն» կայարանում կմեկնարկի հատուկ ծրագիր երեխաների համար: Փոքրիկ հյուրերին սպասվում է խորհրդանշական ճամփորդություն դեպի «Ժպիտների կայարան», իսկ մետրոպոլիտենի տնօրինությունն ու արհմիությունը մասնակիցների համար պատրաստել են տարբեր անակնկալներ և ժամանցային միջոցառումներ:

 

Տոնակատարությանը կմիանա նաև ՀՀ Ներքին գործերի նախարարությունը: Ժամը 11:00-ից Դավթաշենում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածքում, կանցկացվի լայնամասշտաբ միջոցառում երեխաների համար:

 

Կազմակերպիչները պատրաստել են ճանաչողական խաղեր, մրցույթներ, թեմատիկ առաջադրանքներ, նվերներ և ֆոտոգոտիներ: «Փոքրիկ ոստիկան», «Փոքրիկ փրկարար» և «Փոքրիկ քաղաքացի» ինտերակտիվ գոտիներում երեխաները կկարողանան ծանոթանալ տարբեր ծառայությունների աշխատանքին, մասնակցել ինտելեկտուալ խաղերի, տեղեկանալ նոր կենսաչափական անձնագրերի մասին և առաջին անգամ ծանոթանալ փաստաթղթերի ձևակերպման ընթացակարգին:

 

Հյուրերի համար պատրաստված են նաև օճառի պղպջակների և փուչիկների շոուներ, ակվագրիմ, ավազանկարչություն, բատուտներ, զբոսանքի մինի-գնացք և հանդիպումներ հայտնի մուլտհերոսների հետ:

 

Այսպիսով, հունիսի 1-ին Երևանում կիրականացվեն միանգամից մի քանի խոշոր տոնական միջոցառումներ՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար: Կազմակերպիչները խոստանում են, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար կդառնա վառ տպավորությունների, ժպիտների և նոր բացահայտումների օր: