Հրայր Դիարբեքիրյանի «Արև» առաջին ցուցադրությունը Երևանում արդեն բաց է
Լիբանանահայ ճանաչված նկարիչ Հրայր Դիարբեքիրյանի երկար սպասված ցուցահանդեսը արդեն բաց է Երևանում։ «Արև» խորագիրը կրող ցուցադրությունը մեկնարկել է դեկտեմբերի 13-ին Latitude Art Space-ում (Աշտարակի մայրուղի 7/1) և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 18-ը։
Դիարբեքիրյանի աշխատանքները երկար տարիներ ցուցադրվել են աշխարհի խոշոր քաղաքներում՝ Փարիզից մինչև Մոսկվա, Աբու Դաբի, Սան Պաուլո, Բուենոս Այրես և Լոս Անջելես։ Այսուհետև նրա ստեղծագործությունների աշխարհագրությանը միացել է նաև Երևանը․ սա նկարչի առաջին ցուցադրությունն է Հայաստանում։
«Արևը», որը Հրայր Դիարբեքիրյանը բերում է Հայաստան տարիների հեռվից, մի ամբողջ ճանապարհ է․ նրա 24 աշխատանքները միավորում են անցյալի հիշողությունն ու այսօրվա ներքին լռությունը։ Դրանք ոչ միայն գեղարվեստական պատկերներ են, այլև ուժի, հիշողության և կուտակված կյանքի լույսի պատկերացում։
Սա Հրայրի առաջին հանդիպումն է հայկական հանդիսատեսի հետ՝ YBAF հարթակում, և միաժամանակ վերադարձ դեպի ինքնության ու արմատների աշխարհ։ Նրա ստեղծագործական պատմությունն այս ցուցադրության մեջ վերածվում է մարդու՝ իր ակունքներին հասնելու ուղու։
Ցուցահանդեսը բացման օրը արդեն ընդունել է արվեստասերների մեծ հոսք։ Մինչև հունվարի 18-ը այցելուները կարող են ծանոթանալ Դիարբեքիրյանի «Արևին»՝ նրա ներսից եկող լույսին ու գեղարվեստական աշխարհին։

