«ՆՌՆԵՆԻ». Սիրո, խղճի և ընտրության բեմական պատմություն

Փետրվարի 9-ին, 10-ին և 12-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «ՆՌՆԵՆԻ» դրամատիկական կատակերգությունը՝ իրական դեպքերի հիման վրա հիմնված ներկայացում, որը պատմում է ամենամարդկայինի՝ սիրո, խղճի և պատասխանատվության մասին։

ՀանդArt մշակութային այգին հերթական անգամ բացում է իր դռները նոր թատերական պատմության առաջ՝ առաջարկելով հանդիսատեսին մի ներկայացում, որտեղ թեթև հումորը համադրվում է խորքային հարցադրումների հետ, իսկ ծիծաղի տակ թաքնված են բարդ ընտրությունն ու ճակատագիրը։

«ՆՌՆԵՆԻ»-ն պատմություն է այն պահերի մասին, երբ մի փոքր քայլը կարող է փոխել ամեն ինչ։ Իրական դեպքերից ծնված այս դրամատիկական կատակերգությունը լի է անսպասելի շրջադարձերով, սուր ու կենդանի հումորով, բայց միևնույն ժամանակ՝ անկեղծ հուզական շերտով։ Այն բեմական տարածք է, որտեղ պարզությունը և կյանքի բարդ իրականությունը գոյակցում են՝ ստեղծելով ճանաչելի ու մտերմիկ պատմություն յուրաքանչյուր հանդիսատեսի համար։

Ներկայացման դերերում են՝  ՀՀ վաստակավոր արտիստներ Ջուլիետա Ստեփանյանը և Լուիզա Ղամբարյանը,  ինչպես նաև Ագնեսա Շահնազարյանը և Արծրուն Հարությունյանը։ Ներկայացման հեղինակն ու բեմադրիչը Տիգրան Գյուլումյանն է, ում ձեռագրին բնորոշ է մարդկային հարաբերությունների նուրբ, բայց ուղիղ բացահայտումը։