Ջութակ առանց սահմանների. Արա Մալիկյանը Երևանում է
Մայիսի 19-ին Երևանում կհնչի երաժշտություն, որտեղ միախառնված են գաղթականի կարոտը, Լատինական Ամերիկայի ռիթմերը, արևելյան ցավը, աֆրիկյան զարկերակն ու իմպրովիզացիայի խենթ ազատությունը. Արա Մալիկյանը հայկական մայրաքաղաք է բերում իր «Intruso» համաշխարհային շրջագայությունը:
Մալիկյանը վաղուց դադարել է լինել պարզապես վիրտուոզ: Նրա ջութակն այլևս չի պատկանում ո՛չ դասականին, ո՛չ ռոքին, ո՛չ էլ ֆոլկլորին: Այն պատկանում է աշխարհին: Եվ հենց այդ մասին է նոր ալբոմն ու «Intruso» շրջագայությունը, որը Մալիկյանն ինքը վերածել է առանց սահմանների մարդու երաժշտական մանիֆեստի:
Ալբոմի անվանումը իսպաներենից թարգմանվում է որպես «օտարական», «ներխուժող»: Սակայն Մալիկյանի մեկնաբանությամբ՝ intruso-ն անկոչ հյուր չէ: Դա այն մարդն է, ով միաժամանակ պատկանում է բազում մշակույթների և ոչ մի տեղ իրեն յուրային չի զգում: Լիբանանում ծնված հայ, ով նվաճել է Եվրոպան և տասնյակ երկրների երաժշտությունը հավաքել մեկ միասնական էմոցիոնալ տիեզերքի մեջ:
«Intruso»-ում Մալիկյանը ոչ միայն ճանապարհորդում է աշխարհով մեկ, այլև ապրում է այդ ճամփորդությունը հնչյունների միջոցով: Յուրաքանչյուր ստեղծագործություն դառնում է առանձին երկիր, առանձին մարդկային պատմություն, մոլորակի առանձին նյարդ:
Ալբոմը բացում է «Tango del Emigrante»-ն՝ կրքոտ արգենտինյան տանգո, ձայնագրված Դիեգո Տորեսի հետ: Սա գաղթականի տանգոն է՝ մի մարդու, ով պատռվում է անցյալի և ապագայի միջև: Մալիկյանի ջութակն այստեղ հնչում է գրեթե մարդկային ձայնի պես՝ տագնապալի, կոտրված, կարոտելով այն տունը, որը, հնարավոր է, այլևս գոյություն չունի:
Այնուհետև գալիս է մեքսիկական «Dicen Que Llora»-ն՝ հին փոշոտ փողոցների և լատինական դրամայի տապով ներծծված ստեղծագործություն: Էլենա Մեդինայի վոկալը կարծես վիճում է ջութակի հետ՝ թրեքը վերածելով ցավի ու կրքի երկխոսության: Մալիկյանն այստեղ բալանսավորում ֆոլկլորի և էքսպրեսիայի միջև:
Ամերիկյան «Falling»-ը, որը ձայնագրվել է պարող և պարուսույց Էնթոնի Կինյոնեսի հետ, այլ կերպ է հնչում՝ ժամանակակից, նյարդային, ուրբանիստական: Սա Նյու Յորքն է երաժշտական տեսքով. երկնաքերերի ապակիները, մեգապոլիսի ռիթմը, միլիոնավոր մարդկանց մեջ միայնության զգացումը: Ջութակն այստեղ կարծես ընկնում է էլեկտրոնային ռիթմի անդունդը, իսկ հետո նորից սլանում վեր:
Բրազիլական «Habitamos»-ը ալբոմի ամենաջերմ գործերից մեկն է: Դրանում կա Ռիոյի արևը, արևադարձային խոնավ օդը և կյանքի՝ որպես անվերջ տոնի զգացումը: Դեյվիթ և Ջոաննա Թրեյվիսների ձայները պարուրում են ջութակը մեղմ սամբայով, բայց արտաքին թեթևության տակ թաքնված է մելանխոլիան՝ Մալիկյանի երաժշտության բնորոշ գիծը:
«Cuba, No Llores»-ը, թերևս, սկավառակի ամենահուզիչ աշխատանքներից է: Կուբայացի երաժիշտ Կելվիս Օչոայի հետ Մալիկյանը ստեղծում է հրաժեշտի երգ, հույսի երգ: Այստեղ լսելի են և՛ Հավանայի փողոցները, և՛ քաղաքական ցավի ստվերը, և՛ կուբայական մշակույթի անհավանական կենսունակությունը: Ջութակը կարծես լաց է լինում և ժպտում միաժամանակ:
Իսպանական «Lo Que Dicen Tus Ojos»-ը՝ Niño de Elche-ի մասնակցությամբ, գրեթե ապագայի ֆլամենկո է: Ստեղծագործության մեջ բախվում են անդալուզյան հնագույն կիրքն ու ավանգարդը: Մալիկյանը պատռում է ժանրի սովորական կառուցվածքը՝ ստիպելով ջութակին հնչել որպես ճիչ, աղոթք և խոստովանություն միաժամանակ:
Պերուական «Lando Madre Saya»-ն ունկնդրին տեղափոխում է հնագույն ծեսերի և անդյան միստիկայի աշխարհ: Ջիզելլա Գիրֆաի ձայնը կարծես բարձրանում է դարերի խորքից: Այստեղ երաժշտությունը վերածվում է գրեթե շամանական գործողության:
Սենեգալյան «Roza»-ն Աֆրիկայի ռիթմն է, զարկերակն ու էներգիան: Մալիկյանը ստեղծում է հիպնոսիկ մի գործ, որտեղ ջութակը դադարում է լինել եվրոպական գործիք և դառնում է աֆրիկյան տրանսի մաս:
Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մերձավոր Արևելքին նվիրված «Not Other Side»-ը: Լեյթ Սիդիկի հետ դուետում Մալիկյանը կարծես վերադառնում է սեփական արմատներին: Սա ալբոմի ամենաանձնական և դրամատիկ ստեղծագործություններից մեկն է՝ պատերազմի, հիշողության, աքսորի և ավերված աշխարհների մեջ մարդկայնությունը պահպանելու փորձի մասին:
«Monte Adentro»-ն ունկնդրին ընկղմում է կոլումբիական ջունգլիների և Լատինական Ամերիկայի կարնավալային տարերքի մեջ: Այստեղ երաժշտությունը գրեթե ֆիզիկապես զգացվում է որպես շարժում՝ տաք, վայրի, ազատ:
Եվ վերջապես, համանուն «Intruso»-ն, որը ձայնագրվել է պակիստանցի երաժիշտ Վաքաս Ալիի հետ, դառնում է ամբողջ նախագծի գագաթնակետը: Արևելյան մոտիվները, գրեթե սուֆիական մեդիտացիան և Մալիկյանի ջութակը միահյուսվում են 21-րդ դարի մարդու մասին փիլիսոփայական ձևակերպման մեջ. մարդու, ով չունի սահմաններ, բայց չունի նաև վերջնական տուն:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը խոստանում է դառնալ էմոցիոնալ ճանապարհորդություն մայրցամաքների, մշակույթների և զգացմունքների միջով: Մալիկյանը վաղուց ապացուցել է , որ ջութակն ունակ է խոսել աշխարհի ցանկացած լեզվով: Եվ «Intruso»-ում այն անում է դա առանձնահատուկ հուզիչ կերպով:

