Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը Հարավային Կորեայում հայտնվել է կինովարձույթի առաջատար տասնյակում

Հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հայտնի «Նռան գույնը» ֆիլմը տասնամյակներ անց կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Հարավային Կորեայի կինոթատրոններում և ցուցադրման առաջին իսկ շաբաթում հայտնվել է երկրի կինովարձույթի լավագույն տասնյակում։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից՝ նշելով, որ ֆիլմի ցուցադրությունը Կորեայում բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում։

Ըստ հրապարակված տվյալների՝ «Նռան գույնը» ֆիլմի ընդհանուր դրամարկղային հավաքը Հարավային Կորեայում կազմել է շուրջ 160 հազար ԱՄՆ դոլար։ Սա ուշագրավ արդյունք է՝ հաշվի առնելով, որ ֆիլմը նկարահանվել է ավելի քան կես դար առաջ։

Հայկական կինոյի այս խորհրդանշական ստեղծագործությունը, ինչպես նշում են հիմնադրամում, շարունակում է նորովի բացահայտվել տարբեր երկրներում՝ գրավելով նոր հանդիսատեսի ուշադրությունը և ամրապնդելով իր տեղը համաշխարհային կինոարվեստում։

Հիմնադրամից հայտնում են նաև, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ընթացքում MK2 ընկերության գործընկերները Հայաստանի կինոյի հիմնադրամին են նվիրել այն պաստառը, որը պատրաստվել էր «Նռան գույնը» ֆիլմի կորեական կինովարձույթի համար։

Հիշեցնենք, որ ֆիլմը վերջին տարիներին վերականգնվել է միջազգային համագործակցության շրջանակում՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի, The Film Foundation World Cinema Project ծրագրի և Fondazione Cineteca di Bologna կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում։