Արշիլ Գորկի. Հայոց ցեղասպանության դրոշմը կրող XX դարի մեծագույն գեղանկարիչը

Արշիլ Գորկին «աբստրակտ սյուրռեալիզմի» հիմնադիրներից մեկն էր, ով ծնվել է 1904թ․-ի ապրիլի 15-ին։ Նա համարվում է XX դարի ամենաականավոր ամերիկացի նկարիչներից մեկը, ով հայկական ծագում ունի։ Նրա կտավները ցուցադրվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ավստրալիայի և մի շարք այլ երկրների խոշոր պատկերասրահներում։

«Նա գերբնական բնազդ ուներ արվեստի բոլոր ձեւերի նկատմամբ… դա մի բացառիկ պարգեւ էր, որը թույլ էր տալիս խփել ճիշտ նշանակետին»,- Արշիլ Գորկու մասին ասել է Ուիլեմ դը Քոնինգը:

Մեծ հայը ծանր ճակատագիր է ունեցել:

Ոստանիկ Մանուկ Ադոյանը ծնվել է 1904 թվականին, Օսմանյան կայսրությունում (Վանի նահանգի Խորգոմ գյուղում)։ Փոքր տարիքում  դարձել է Հայոց ցեղասպանության բոլոր սարսափների, այդ թվում՝ մոր սովամահության ականատեսը, և այս հիշողությունները նրա դաժան ուղեկիցն էին ողջ կյանքում:

Որբանալով Մանուկը արտագաղթել է ԱՄՆ եւ նոր կյանքի սպասումով՝ փոխել իր անունը։ Հայոց ցեղասպանության սարսափները, սպանությունները, այդ բոլոր անմարդկային տեսարանները  խորապես ազդել են նկարչի արվեստի վրա։

Կերպարվեստի դպրոց ընդունվելուց հետո Գորկին սկսել է ներկայացնել իր տաղանդը տարբեր ցուցահանդեսներում։ Թեեւ ոճի առումով նա սկզբում մեծապես ազդված է եղել Պաբլո Պիկասոյից եւ Պոլ Սեզանից, ժամանակի ընթացքում աստիճանաբար ձեւավորել է սեփական տարբերվող ոճ, որը նրա համար կայուն տեղ է ապահովել իր ժամանակի խոշորագույն նկարիչների շարքում։

Գորկին ապրել է Նյու Յորքում, որտեղ հավաքվել էլ ամերիկյան ու միջազգային արվեստագետների բույլը: Նրա ամենահայտնի նկարներից մեկը «Նկարիչը և նրա մայրը» ստեղծագործությունն է, որը ստեղծվել է 1926թ․-ին և ունի միանգամից երկու տարբերակ: Դեռևս 1926 թվականին Գորկին իր քրոջից՝ Ագապիից, վերցնում է 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարը, որն էլ օգտագործում է իր գաղափարի իրականացման համար։

«Նկարիչը և նրա մայրը» կտավի առաջին տարբերակը այժմ գտնվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում և թվագրված է 1926-1936թթ.: Իսկ երկրորդ տարբերակը գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում և թվագրված է 1926-1942թթ.:

Անձնական մի շարք ծանր ողբերգություններից, այդ թվում՝ արվեստանոցի հրդեհից եւ իր բազում կտավների կործանումից ընկնելով խոր ընճախտի մեջ՝ Գորկին ինքնասպանություն է գործել 1948-ին։ Նրա կտավները ցուցադրված են աշխարհի խոշորագույն թանգարաններում։