Բաքվի ջարդեր. հիշում ենք, չե՛նք մոռացել
Ադրբեջանի կողմից որդեգրված հայկական բնակչության բնաջնջման քաղաքականությունը նոր չէ, այն հարյուրամյակի պատմություն ունի:
Անցած դարեսկզբին՝ 1918 թ. սեպտեմբերին Բաքվում իրականացվեց հայերի կազմակերպված և պլանավորված խոշոր ջարդ, որը հաջորդեց Հայոց ցեղասպանությանը և որին զոհ գնաց ավելի քան 23 հազար հայ: Ավերվեցին և այրվեցին հայերին պատկանող նավթամշակման և այլ գործարանները, խանութները, տները:
Մեկ դար էլ չէր անցել և այս իրադարձությունները իրենց արյունալի շարունակությունը ստացան. նախ, Սումգայիթում 1988-ի փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում: Իսկ երկու տարի անց՝ 1990թ. հունվարի 13-19-ին Բաքվում նորից հայերի ջարդ կազմակերպվեց, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, իսկ Բաքվի և հարակից ավանների շուրջ 250 հազարանոց հայկական համայնքը դադարեց գոյություն ունենալուց՝ առանց գույքի և ունեցվածքի փախստականի կարգավիճակով ցրվելով աշխարհով մեկ:
1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա.Վեզիրովը, հանդիպելով Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) ակտիվի հետ հայտարարել է. «…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։ Հակահայկական քարոզչությունը ծավալուն հոդվածներով տպագրվել է նաև մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում։ Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը, իսկ հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռ 1988-ի վերջին: Եվ 1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլել են ունեցվածքը՝ արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը, առկա գումարը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել են հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան: Նույնը կատարվել է նաև օդանավակայանում:
Ջարդերը շարունակվել են վեց օր։
Վերոնշյալ փաստերը մեկ անգամ ևս հաստատում են Ադրբեջանի կողմից որդեգրված քսենոֆոբիայի և հայատյացության քաղաքականությունը, որն այսօր ևս պահպանվում և շարունակվում է: Դրա վերջին ցավոտ օրինակը 2023 թվականի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումն է: Ո՞րն է այս ամենի շարունակությունը …

