«Ես հայ ժողովրդի որդին եմ». Անրի Վեռնոյ՝ ֆրանսիացի ռեժիսոր հայկական հոգով

Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անրի Վեռնոյը համաշխարհային կինոյի պատմության մեջ մտավ որպես վարպետ, ով կարողացավ միավորել մարդկային բնավորությունների դրաման, հեգնանքն ու փիլիսոփայությունը։ Իր աշխատանքային տարիներին նա նկարահանել է ավելի քան վաթսուն ֆիլմ և դարձել 20-րդ դարի ֆրանսիական կինեմատոգրաֆի խորհրդանիշ։

Նրա անունը հիշատակվում էր մեծանուն վարպետների՝ Ժան Ռենուարի, Ռենե Կլերի, Ֆրանսուա Տրյուֆոյի կողքին։ Վեռնոյի ֆիլմերում նկարահանվել են բոլոր սերունդների աստղեր՝ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ժան-Պոլ Բելմոնդոն։ Նրա ֆիլմերը ոչ միայն զվարճացնում էին, այլև արտացոլում էին դարաշրջանի ոգին։

Ռոդոսթոյից մինչև Մարսել

Ապագա ռեժիսորը ծնվել է 1920 թվականին հունական Ռոդոսթո նավահանգստում (ներկայումս՝ Թեքիրդաղ, Թուրքիա), Մալաքյանների հայկական ընտանիքում։ Մկրտության ժամանակ նրան անվանել են Աշոտ։ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ հաստատվել է Մարսելում։ Ծնողները խստորեն հետևում էին նրա կրթությանը և սեր էին սերմանում մայրենի լեզվի ու հայկական ավանդույթների հանդեպ։

«Հինգ տարեկանից մոմեր էի պահում հայկական եկեղեցում։ Իսկ եկեղեցին ոչ միայն հավատ է, այլև մշակույթ։ Եթե ես եկեղեցու որդին եմ, ուրեմն՝ հայ ժողովրդի որդին եմ», — հիշում էր նա։

Էքս-ան-Պրովանսի լիցեյն ավարտելուց հետո Աշոտը սկսեց լրագրողի կարիերան, իսկ այնուհետև անցավ կինոյի։ Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Սեղանը չքավորների համար» (1951), անմիջապես հաջողություն բերեց։ Հենց այդ ժամանակ նա վերցրեց Անրի Վեռնոյ կեղծանունը։

Հենց նա առաջին անգամ էկրան բերեց ապագա լեգենդներին՝ Ալեն Դելոնին և Ժան-Պոլ Բելմոնդոյին, ստեղծեց Դելոնի և Գաբենի հանրահայտ դուետը։ Նրա ամենահայտնի ֆիլմերից են՝ «Կապիկը ձմռանը», «Սիցիլիական կլան», «Օձը», «Վախ քաղաքի վրա», «Իմ թշնամու դիակը»։

Հայը Ֆրանսիայում

Չնայած Ֆրանսիայում ունեցած փառքին ու հաջողությանը՝ Վեռնոյը երբեք չի կտրվել իր արմատներից։ Նա ակտիվորեն մասնակցել է հայկական սփյուռքի կյանքին, հոդվածներ է գրել Հայաստանի և Հայկական հարցի մասին։ 1980 թվականին նա առաջին անգամ այցելել է պատմական հայրենիք։

«Ես կարդում և գրում եմ հայերեն։ Եթե մի քանի օր խոսես մայրենի լեզվով՝ այն մաքուր ու պարզ է դառնում։ Արմատներից հրաժարվել նշանակում է հրաժարվել ինքդ քեզանից», — ասում էր ռեժիսորը։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Վեռնոյն արձագանքեց Շառլ Ազնավուրի նախաձեռնությանը և նկարահանեց «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակը, որը դարձավ համերաշխության ու կարեկցանքի խորհրդանիշ։

Կինոն՝ որպես հիշողության ձայն

1991 թվականին Վեռնոյը ստեղծեց իր վերջին ֆիլմերը՝ «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588»։ Իր ընտանիքի պատմության միջոցով նա պատմեց Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին։ Այս ֆիլմերը, որոնք լի էին ցավով ու սիրով, դարձան ժողովրդին և նախնիների հիշատակին հավատարմության անձնական խոստովանություն։

Նկարահանումներին մասնակցել են Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն և Սերժ Ավետիքյանը։

Լեգենդ դարձած հիշողություն

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն Անրի Վեռնոյին անվանում էր «ֆրանսիական կինոյի լեգենդի մի մաս»։ Նա արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի, «Սեզար» մրցանակի, Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ» մրցանակի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի։

Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան) թաղված է Սեն-Պիեռ գերեզմանատանը։ Նրա անունով են կոչվում Մարսելի հրապարակներից մեկը և Երևանի փողոցներից մեկը՝ ի հիշատակ այն մարդու, ով փառաբանեց Ֆրանսիան, բայց սրտով ընդմիշտ մնաց Հայաստանի հետ։