Իվան Ղալամյան. աշխարհահռչակ ջութակահար-մեթոդիստ

«Նա երեւի թե եղել է մեծագույն ուսուցիչը պատմության ընթացքում»,- Ռոբերտ Ման՝ Ջուլիարդի լարային կվարտետի հիմնադիր:

Ով է նա
Իվան Ղալամյանն աշխարհահռչակ ջութակահար-մեթոդիստ էր։ Նրան աշակերտել են մեր ժամանակների մեծագույն կատարողներից շատերը, այդ թվում՝ Իցհակ Փերլմանը, Սերջիու Լուկան, Փինխաս Ցուկերմանը, Անի եւ Իդա Քավաֆյանները, Կյունգ-Վա Չունգը եւ Դորոթի Դելայը։
Ծնվել է Պարսկաստանում, սակայն շատ չանցած՝ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան։ Բոլշեւիկյան հեղափոխության տարիներին Ղալամյանների ունեցվածքը բռնագրավվել է, իսկ ընտանիքը՝ ձերբակալվել։ Նա հաջողացրել է Մեծ թատրոնի նվագախմբի միջոցով հեռանալ Ֆրանսիա, որտեղ էլ շարունակել է իր ուսումը ջութակի ֆրանսիական դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչ Լուսիեն Կապեի մոտ։

Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո Ղալամյանը գերադասել է աշխատել իբրեւ ուսուցիչ՝ գործի անցելով Նյու Յորքի հեղինակավոր Ջուլիարդ դպրոցում եւ Ֆիլադելֆիայի Քըրթիսի երաժշտական դպրոցում։ Ի վերջո, նա դարձել է այդ երկու դպրոցների ջութակի բաժինների ղեկավարը։
Ցանկանալով ստեղծել այնպիսի մի վայր, որտեղ իր ուսանողներն առանց շեղվելու կկարողանան տրվել երաժշտույթաը, նա Նյու Յորք նահանգի հյուսիսում կնոջ հետ միասին հիմնել է Մեդոումաունթի երաժշտական դպրոցը։ Ղալամյանը հեղինակել է նաեւ ջութակի դասավանդման խոշորագույն ձեռնարկներից մեկը՝ «Ջութակ նվագելու եւ դասավանդելու հիմունքները»։

Հետաքրքիր փաստ
Ղալամյանի գործընկներներն ասում էին, որ «նա կարող էր վերցնել սովորական սեղանն ու դրան եւս սովորեցնել ջութակ նվագել»։