Հովհաննես Ադամյան. գունավոր հեռուստատեսության նախահայրը
Ո՞վ է նա
Հովհաննես Ադամյանը այն առաջնային տեխնոլոգիայի հեղինկան է, որն ընկած է գունավոր հեռուստատեսության ստեղծման հիմքում։ Ճարտարագետ-գյուտարարը կյանքի ընթացքում հեղինակել է բազմաթիվ հայտնագործություններ։
Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում (Ադրբեջան), ապա տեղափոխվել Եվրոպա՝ շարունակելով ուսումը Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում։ Այնտեղ նա մասնագիտացել է ճարտարագիտության ասպարեզում՝ հետագայում սկսելով իր գործունեությունն իբրեւ գյուտարար։
Ադամյանի գլխավոր ներդրումը համարվում է գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիայի մշակումը՝ հիմնված երեք գույնի համադրության սկզբունքի վրա։ Գունավոր հեռուստատեսություն ստեղծելու իր նախագիծը նա անվանել է «Հեռատես»՝ ստանալով դրա համար պատենտներ, սակայն իր ջանքերին հակառակ՝ նա չի կարողացել առաջընթաց ունենալ։ Թեպետ նրա հետազոտությունների արդյունքում սարքի գործող նախատիպ չի ստեղծվել, իր մշակած սկզբունքը ներդրվել է գունավոր հեռուստատեսություն ստեղծելիս եւ առաջին անգամ ցուցադրվել 1928թ. Լոնդոնում։
Հովհաննես Ադամյանը հուղարկավորվել է Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան), սակայն հետագայում նրա աճյունը տեղափոխվել է Երեւանի քաղաքային պանթեոն։
Հետաքրքիր փաստ
Ադամյանը եռագույն պատկերման տեխնոլոգիայի համար պատենտներ է ստացել Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից։

