«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»… հայ ազգի խիղճը
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել…»:
Այս խոսքերի հեղինակը Հրանտ Մաթևոսյանն է: Նա գրականություն մուտք գործեց 1960–ական թվականներին «Ահնիձոր» ակնարկով, որը մեծ աղմուկ հանեց։
Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը, և հենց այդ պատճառով ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին: Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։
Մաթևոսյանի ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ, աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։
Մաթևոսյանը որոնում էր կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էր դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Նա գրականություն բերեց նոր հերոսների, որոնք շատ էին քրքրում իրենց և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։ Եվ արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ, նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։
Հենց նա է «Մենք ենք, մեր սարերը» վիպակի հեղինակը, որը պատկերում է գյուղի հովիվների առօրյան, նրանց բողոքը այն ամենի շուրջ, ինչը թույլ չի տալիս նրանց ապրել պարզ և օրենքներով։ Եվ հետագա իր գործերում այս խնդիրները ավելի սուր են ներկայացվում:
Մաթևոսյանը շատ է սիրում Թումանյանին, բայց նրա հերոսերը շատ տարբեր են Թումանյանի հերոսներից: Ոմանք հենց այս տարբերության պատճառով են հայտարարում, որ մաթևոսյանական ոճը
դժվարացնում է նրա որոշ գործերի ընթերցանությունը։ Բայց դա չխանգարեց Հրանտ Մաթևոսյանին ստանալ նախկին ԽՍՀՄ—ի պետական մրցանակ, իսկ նրա գործերը թարգմանված են աշխարհի տարբեր լեզուներով։ Իսկ ամենակարևորը՝ սիրված և ակտուալ մինչ օրս:

