Մի պատմություն դժոխքից․ Նրանց մորթոտում էին կացիններով ու մանգաղներով
Երբ 1915 թվականին սկսվեցին հայկական կոտորածները, Վերոնիկա Բերբերյանը հազիվ տաս տարեկան էր։ Նա ծնվել և մեծացել էր Յոզղատի գավառի Բողազլըյանում՝ հայաբնակ մեծ գավառում, որտեղ տեղի ունեցավ ցեղասպանության ամենասարսափելի դրվագներից մեկը։
Վերոնիկայի ընտանիքը հարգված էր տեղի հայ համայնքում։ Պապը՝ Հակոբը, քահանա էր (Տեր Հակոբ Բերբերյան), հայրը՝ Գասպարը, քեման (ջութակ) էր նվագում, իսկ հորեղբայրը՝ Հարությունը, վարսավիր էր։
«Նման երիտասարդ կայմակամ ես առաջին անգամ եմ տեսնում»
1915 թվականի գարնանը Բողազլըյանի նոր կայմակամ նշանակվեց երիտթուրք Քեմալը (հետագայում հայտնի որպես «Քյուչյուք»՝ փոքրիկ)։ Տեղի հայ և թուրք մեծավորները գնացին նրան ընդունելու։ Վերադառնալով՝ Տեր Հակոբ քահանան ասաց. «Նման երիտասարդ գայմագամ ես առաջին անգամ եմ տեսնում։ Սա հայերի գլխին մի փորձանք չբերի, շատ է ջահել ու տաքարյուն…»։
Մեկ շաբաթ անց Իբրահիմ բեյը և կայմակամ Քեմալը այցելեցին Տեր Հակոբին՝ իբրև հարգանքի նշան։ Իրականում դա հետախուզություն էր։ Նրանք արդեն կազմում էին չափահաս արական սեռի հայերի ցուցակները։ Կայմակամը հատուկ հետաքրքրություն ցուցաբերեց քահանայի 15-ամյա որդու՝ Խաչերի նկատմամբ։
Շատ չանցած տրվեց հրաման՝ հայ տղամարդկանց զորակոչելու մասին։ Անգամ հաշմանդամները, որոնք նախկինում չէին զորակոչվում բանակ, այս անգամ զորակոչվեցին։
«Նրանց տարան Ղարաղոչ ձոր և սկսեցին մորթոտել»
Կիրակի առավոտյան տարածվեց սարսափելի լուր՝ զորանոցներում փակված հայ տղամարդիկ տարվել և սպանվել են ջրաղացի ձորում։ Շուտով սկսվեցին կալանավորումներ։ Կալանավորվեց նաև Վերոնիկայի պապը՝ Տեր Հակոբ քահանան։
Վերոնիկա Բերբերյանը իր հուշերում գրում է.
«Մեր քաղաքը շուտով ողողվեց ժանդարմներով, բաշիբոզուկներով և հարևան գյուղերի թուրք բնակիչներով։ Սկսվեց տղամարդկանց որսն ու թալանը։ Երեկոյան հայ տղամարդկանց կապկպված ձեռներով, զույգ-զույգ տարան քաղաքից դուրս՝ Ղարաղոչ կոչված ձորի պռունկը։ Այնտեղ սկսեցին կացիններով մորթոտել, գլխատել նրանց։
Նախ մերկացնում էին, կողոպտում էին նրանց դրամն ու զարդերը, ապա ամեն ոք՝ ըստ իր «ճաշակի», հոշոտում էր նրանց մանգաղներով, մսի մեծ տապարներով, դաշույներով, կացիններով, սվիններով և անգամ քարերով՝ ջախջախելով գանգերը։
Փամփուշտը խնայում էին։ Այն օգտագործում էին միայն արտակարգ դեպքերում, քանի որ փամփուշտը փող արժեր»։
Երկուշաբթի առավոտյան բանտից հանեցին նաև հայ մտավորականներին և մեծավորներին՝ քահանա Տեր Հակոբի գլխավորությամբ։ Նրանց ևս տարան նույն ձորը և սպանեցին նույն դաժանությամբ։
«Հետագայում թուրք ականատեսները առանց ամոթի և խղճի խայթի պատմում էին իրենց «քաջագործությունների» մանրամասները, թե ինչպես են փափազի գլուխը պատանիները գնդակի փոխարեն տշել, թե ինչպես են փափազի մորուքը հրդեհել և ծաղրել, թե ու՞ր է քո աստվածը, խնդրի՛ր, որ քեզ փրկի այս վիճակից», — պատմում է նա։
Կայմակամ Քեմալի ճակատագիրը
1919–1921 թվականների Երիտթուրքերի դատավարությունների ժամանակ Բողազլըյանի կայմակամ Քեմալը եզակի անձանցից էր, ով մահապատժի ենթարկվեց։ 1919 թվականի ապրիլի 10-ին նա կախաղան հանվեց Ստամբուլի Սուլթան Բայազիդի հրապարակում։
Սակայն 1922 թվականի հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը նրան հռչակեց «ազգի նահատակ»։

