Յարխուշտա․ մարտի շունչը, որ վերածվել է ազգային խորհրդանիշի
Այս տարվանից «Յարխուշտա»-ն դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմնը՝ նոր շունչ հաղորդելով հին հայկական ռազմական այս պարին և այն տեղափոխելով նաև սպորտային հարթակ։
Յարխուշտան Մուշի և Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պարն է, որը ձևավորվել է ոչ թե բեմի, այլ իրական պայքարի և մարտական միջավայրի մեջ։
Յարխուշտան պատկանում է ծափ-պարերի շարքին, սակայն իր բովանդակությամբ շատ ավելին է, քան պարզապես պար։ Այն մարտի նախերգանք է, ոգևորիչ արարողություն, որտեղ շարժումները խորհրդանշում են պայքար, դիմակայություն և հաղթելու կամք։ Պարը հիմնականում կատարվում է տղամարդկանց կողմից՝ զույգերով, դեմ դիմաց կանգնած, ասես մարտի դուրս եկած զինվորներ։
Անվան ստուգաբանությունը ևս կապված է մարտական ոգու հետ։ Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ, դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։
Պարի կառուցվածքը հիշեցնում է իրական մենամարտ։ Պարողները բաժանվում են երկու խմբի՝ մեկը գրոհում է, մյուսը՝ դիմադրում։ Նրանք արագ մոտենում են միմյանց, ձեռքերը բարձրացնում և ուժգին հարվածում իրար ափերին՝ պատկերելով զենքերի բախումը։ Տեմպը աստիճանաբար արագանում է, շարժումները դառնում են ավելի կտրուկ, իսկ մթնոլորտը՝ լարված ու հուզիչ։
Յարխուշտայի յուրահատկություններից մեկն այն է, որ այն գրեթե չի ենթարկվել փոփոխությունների։ Նույնիսկ 20-րդ դարում, երբ այն բեմականացվեց և ներկայացվեց հանդիսատեսին, փորձ արվեց պահպանել դրա բնօրինակ կերպը։ 1930-ականներին Սրբուհի Լիսիցյանի գիտարշավների ընթացքում պարը ցուցադրվել է Թալինի Աշնակ գյուղում՝ հաստատելով դրա կենդանի ներկայությունը հայկական գյուղական միջավայրում։
Պարը ունի տարբեր ձևեր։ Օրինակ՝ Թաք կամ Խարզանի Յարխուշտան առանձնանում է նրանով, որ պարողների դերերը մշտապես փոխվում են․ նրանք հերթով գրոհում և պաշտպանվում են։ Այստեղ յուրաքանչյուր զույգ ներկայացնում է առանձին «մենամարտ», իսկ շարժումները հիշեցնում են իրական մարտավարություն։
Մյուս տարբերակը՝ Սլիվանի Յարխուշտան, ավելի դինամիկ և արտահայտիչ է։ Այստեղ չկա պաշտպանվող կողմ՝ երկու կողմերն էլ միաժամանակ են գրոհում և հակագրոհում։ Պարը հաճախ ուղեկցվում է բացականչություններով՝ «Թոզըլբանո, Թոզըլբան»։ Հետաքրքիր է նաև, որ այս տարբերակում երաժշտությունն ու երգը տարբեր մեղեդիներ ունեն՝ ստեղծելով յուրահատուկ հնչողություն։
Յարխուշտան, ինչպես տեսնում ենք, այսօր էլ շարունակում է ապրել՝ ոչ միայն բեմում, այլ նաև հասարակության հիշողության մեջ։ Դա պար չէ միայն․ դա պատմություն է, պայքար և միաժամանակ՝ հաղթելու հավատ։

