Նիկիտա Սիմոնյան. մահացել է հայկական ֆուտբոլի գլխավոր հաղթանակի հայրը

Ընդամենը մեկ ամիս առաջ տոնում էինք լեգենդի 99-ամյակը, սակայն այսօր հրաժեշտ ենք տալիս նրան:

Մարդ-լեգենդ. այդպես են ներկայացնում Նիկիտա Սիմոնյանին: Հենց նրա ղեկավարությամբ «Արարատը» 1973թ-ին նվաճեց խորհրդային ֆուտբոլի ամենաբարձր գագաթը՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Եվ տասնամյակներ շարունակ հայ ազգը ապրեց այդ հաղթանակով, այդ հզոր զգացումով, որ մենք ԿԱՐՈՂ ենք: Մինչ օրս էլ հենց «Արարատ-73»-ն է հույս տալիս, որ մի օր, նորից ու ֆուտբոլում մեծ հաղթանակի կրկին կունենանք:

Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, ԽՍՀՄ-ի Հյուսիսկովկասյան շրջանի Արմավիր քաղաքում։ Խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, վերջին տարիներին ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ։ Թվարկենք նրա կոչումները. ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970), «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր: 2011 թվականին Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։

Նա ճանաչվել է «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու` 160 գնդակ:

«Հայրս ատում էր ֆուտբոլը: Ասում էր՝ «դա ի՞նչ խաղ է»: Իսկ ինձ ֆուտբոլը գրավեց, և երբ տղաների հետ խաղի համար դաշտ էինք փնտրում, նստում էինք Թբիլիսի գնացող գնացք, իջնում Սուխումի չհասած Ղուլրիփշ գյուղում, որտեղ մեծ դաշտ կար ու խաղում  մինչ ուժասպառ լինելը: Բոլոր 12կմ-ն հետո ոտքով էինք անցնում, սնվում մրգերով, որ հանդիպում էին այդ ճանապարհին… Հայրս կտրականապես դեմ էր ֆուտբոլով իմ տարվածությանը, որովհետև ես անընդհատ կոշիկներ էի պատռում, այն ժամանակ սպորտային որևէ հանդերձանք չկար… Բայց սերը ֆուտբոլի հանդեպ հաղթեց»,- հիշում էր Սիմոնյանը:

Լեգենդար մարզիկը միշտ հպարտացել է իր հայկական արմատներով, աջակցել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, օգնել պատանեկան թիմերին։ Նրա անունն ընդգրկված է հայկական սպորտի փառքի սրահում։ Եվ հավերժ կմնա բոլորի սրտերում. հանգչիր խաղաղությամբ, Լեգե՛նդ: