Ռաֆայել Իսրայելյան. Թամանյանից էստաֆետն ընդունած մեծ ճարտարապետը

Հայկական խորհրդային ճարտարապետության կայացումն ու զարգացումը կապված է ճարտարապետների մի քանի սերունդների գործունեության հետ: Նրանց ներդրումը հայկական ճարտարապետական ուղղությունների զարգացման և կայացման մեջ տարբեր է և կարիք ունի մանրազնին ուսումնասիրության ու ներկայացման: 20-րդ դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Ռաֆայել Իսրայելյանն է, ում աշխատանքները կանգուն են ու հիացնում են մինչ օրս:
Ժամանակագրական առումով Իսրայելյանի հայտնվելը Երևանում համընկավ 1936 թվականին, երբ կյանքից հեռացավ Ալ. Թամանյանը և սա ստացավ խորհրդանշական իմաստ՝ տաղանդավոր երիտասարդ ճարտարապետը Խարհրդային Հայաստանի ճարտարապետության հիմնադրից ընդունեց էստաֆետը:
Իսրայելյանի ճարտարապետական կառույցները մեծ քանակություն են կազմում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Իսրայելյանի ճարտարապետական սկզբունքներն ու գեղարվեստաարտահայտչական միջոցները դարձան XX դ. ճարտարապետության մեջ հայկականության նոր տարրեր, գրաֆիկական և քանդակային էլեմենտները մտցնելը: Դա արտահայտվեց ոչ միայն ճարտարապետական կառույցներում, այլև զինանշանների, մեդալների, պետական պարգևների և լոգոտիպների հորինվածքների ու խորհրդանիշների մեջ:

Ոգևորիչ է, որ Ռաֆայել Իսրայելյանի արխիվում, բացի իրականացված նախագծերից, կան բազում չկառուցված աշխատանքների նախագծեր, ջրաներկ ու գրաֆիկական աշխատանքներ և կիրառական արվեստի բազմաբնույթ նմուշների գծագրեր ու էսքիզներ, որոնք ուսումնասիրված և մեկնաբանված չեն: Այսօր ևս Իսրայելյանի նախագծով իրականացվում են կառույցներ ի դեմս «Նոյ» գինու – կոնյակի գործարանի աշտարակի, որը կարճ ժամանակահատվածում դարձավ ֆունկցիոնալ և կիրառելի շինություն:

Նրա շատ ստեղծագործություններ բոլորիս քաջ հայտնի են: Այդպես, Իսրայելյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը՝ նվիրված 1918 թվականին Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտում հայ ազգի հերոսական հաղթանակին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ: Նա է Հաղթանակի այգու մուտքի, ինչպես նաև Հաղթանակի մոնումենտի՝ թանգարանի ճարտարապետը, Երևան – Զվարթնոց ավտոճանապարհի Ուղենիշ կոթողի, Միլանի Հայոց Սբ. Քառսուն մանկանց եկեղոցու հեղինակը: Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը ևս Իսրայելյանինն է….

Թվարկելու համար նրա բոլոր աշխատանքները ժամանակ է պետք, բայց մեր նպատակը այլ է. հիշեցնել սերունդներին մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և նրա ժառանգության մասին, որն ամեն քայլափոխին է: