Վիլյամ Սարոյան. հայկական սրտով ամերիկացի դասականը

Վիլյամ Սարոյանը XX դարի առաջին կեսի ամերիկյան ամենահեղինակավոր գրողներից է։ Եվ որքան հպարտ են հայերնը նման հայրենակից ունենալու համար:

Սարոյանը ծնվել է 1908 թ. Ֆրեզնոյում։ Նրա ծնողները 1915թ. Հայոց Ցեղասպանությունից առաջ Բիթլիսից տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ։ Հայրը երիտասարդ տարիքում մահացել է և Սարոյանն իր եղբոր ու քրոջ հետ ստիպված է եղել ապրել որբանոցում։ Տարիներ անց միայն երեխաները կարողացել են վերամիավորվել մոր հետ։

Իր ստեղծագործական ուղին բավականին հարուստ է: Նա ներկայացնում է գյուղական Ամերիկայի դժվարություններն ու վայելքները՝ Կալիֆորնիայի Կենտրոնական հովտի գյուղերի օրինակով: Հրապարակել է բազում նովելներ, պատմվածքներ և պիեսներ, այդ թվում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Մարդկային կատակերգություն», «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա», «Իմ անունը Արամ է», «Կյանքիդ ժամանակը» և այլն: Վիլյամ Սարոյանն արժանացել է Պուլիցերյան, Օսկար և Նյու Յորքի Դրամայի Քննադատների Ակումբի մրցանակներին:

Մեր հայրենակիցը անշուշտ XX դարի հեղինակավոր հեղինակներից է: Բրիտանացի գրող, քննադատ, դերասան Ստեֆըն Ֆրայը ասում էր.

«Նա դարի ամենաթերագնահատված գրողներից է։ Նրա տեղն իրավամբ Հեմինգուեյի, Ստեյնբեկի և Ֆոլկների կողքին է»:

«… Գրող, որ կյանքից մեծ էր…»,– Սարոյանի մասին գրել է San Francisco Chronicle-ը:

Նրա շատ գործեր են թարգմանվել հայերեն, և Սարոյանը շատ էր սիրում Հայաստանը, Երևանը: Նա մի քանի անգամ այցելել է իր նախնիների հայրենիքը, որը նաև իրենն էր համարում: Առաջին անգամ 1935-ին է եղել Երևանում, ապա 25 տարի անց` 1960 թվականին նա կրկին այցելել է և ուրախացած բացականչել.

«…Ինձ թվում էր, թե ընկել եմ մի ուրիշ աշխարհ: Զարգացումը մեծ է, հաջողություններն` անհամար»:
Վիլյամ Սարոյանը կյանքից հեռացել է 1981 թվականի մայիսի 18-ին Ֆրեզնոյում: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: