Տիգրան Թահթա. մաթեմատիկոսը, Սթիվեն Հոքինգի ուսուցիչը

Պատմությունը շատ անուններ է պահում, որոնք հայ ժողովրդի պարծանքին են արժանի: Նրանցից մեկը բրիտանացի մաթեմատիկոս, պրոֆեսոր Տիգրան Թահթան է:

Մի քանի տարի առաջ նրա անունը լքեց գիտական աշխարհն ու ճանաչում գտավ ավելի լայն իմաստով. մեր հայրենակցի մասին խոսեց Սթիվեն Հոքինգը.

«Թահթայի շնորհիվ էր, որ ես դարձա Քեմբրիջի մաթեմատիկայի պրոֆեսոր․… Իմ կյանքը նվիրել եմ տիեզերքի գաղտինքները բացահայտելուն։ Եթե մենք խորհենք այն բանի մասին, թե ինչի ենք կարողացել հասնել մեր կյանքում, հավանականությունը մեծ է, որ կգանք այն մտքին, որ դրանով պարտական ենք մեր ուսուցչին»,- ասել է Սթիվեն Հոքինգը:

Տիգրան Թահթայի ծնողները փրկվել էին Հայոց Ցեղասպանությունից եւ բնակություն հաստատել Մանչեսթերում: Նրանք ցանկանում էին, որպեսզի որդին լավ անգլիական կրթություն ստանա, բայց պարտադիր պայման էր տանը հայերեն խոսելը:

Այո, Տիգրան Թահթան հայտնի է ոչ թե իր հայտնագործություններով կամ աշխատությունների ծավալով, այլ առավելապես նրանով, որ եղել է այն ուսուցիչը, որին աշակերտել եւ որից ոգեշնչվել է Սթիվեն Հոքինգը՝ մեծագույն ֆիզիկոս, որին տեսել է աշխարհը Ալբերտ Էյնշտեյնի ժամանակներից ի վեր։ Տարիներ անց Հոքինգն խոստովանել է, որ չի եղել Թահթայի լավագույն աշակերտը, սակայն միշտ գնահատել է այն, որ նա խրախուսում էր վերլուծել եւ քննել երեւույթները։

«Տիգրան Թահթան է եղել այն խթանը, որ մղել է ինձ՝ դառնալու Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր․ պաշտոն, որը ժամանակին զբաղեցրել է Իսահակ Նյուտոնը»,- պատմել է Հոքինգը։

Տիգրան Թահթայի մահից հետո The Guardian թերթը գրեց, որ նա «իր սերնդի մաթեմատիկայի ուսուցիչների ակնառու ներկայացուցիչներից էր»: