Օրբելի եղբայրներ. Երեք եղբայր, հայ ազգի հպարտություն
Օրբելի եղբայրները աշխարհահռչակ և ականավոր հայ գիտնականներ են, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։
Օրբելի եղբայրների (Սյունյաց Օրբելյաններ) տոհմը հին հայկական իշխանական ծագում ունի։ Այն սերում է Մամիկոնյաններից, Զաքարյաններից։ 13-15-րդ դարերում Սյունիքը անցել է Օրբելյանների տոհմի տիրակալության տակ։
Ռուբեն Օրբելին ծնվել է 1880 թ. փետրվարի 26-ին Նախիջևանում։ Հայ հնագետ է, հանդիսանում է ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում։ Լևոն և Հովսեփ Օրբելիների ավագ եղբայրն է։
1903 թ.-ին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո դասախոսել է նույն համալսարանում։ 1906 թ.-ից հանդիսացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոս։ Տեսական կուրսեր է անցել Բեռլինի և Ենայի համալսարաններում, ստացել է Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան։
Ռուբեն Օրբելին տիրապետել է 12 օտար լեզվի (ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն)։ 1943 թ.-ից ղեկավարել է ԽՍՀՄ ծովերում և գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ԷՊՐՕՆ: Նա հաստատել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է ջրասուզական գործի խոշոր գիտակ, նրան վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը։ Ռ. Օրբելին իր աշխատանքներում գիտականորեն հավաստել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է Հայաստանի գետերը։
Ռ. Օրբելին գիտական շրջանառության է մտցրել «ստորջրյա հնագիտություն» եզրույթը (հետագայում առաջարկել է «հիդրոհնագիտություն» ձևը)։
Լևոն Օրբելին ծնվել է 1882 թ. հուլիսի 06-ին Ծաղկաձորում: Հայ ֆիզիոլոգ է, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է հանդիսանում։ 1904 թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ 1909-1911 թթ.-ին գործուղվել է արտասահման, աշխատել է Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլագիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում։ Հանդիսանալով Պավլովի աշակերտը, նա զարգացրել է Պավլովի բարձրագույն նյարդային գործունեության մասին ուսմունքը և ցույց է տվել, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը։ Լ. Օրբելու ստեղծած Ֆունկցիաների համադասեցման մասին ուսմունքից էլ հետագայում սկիզբ են առել նրա ստեղծած գիտական ուղղությունները Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի բնագավառներում։
Լ. Օրբելու աշխատանքները համաշխարհային ճանաչում ունեն։ Դրանք նշանակալի ազդեցություն են ունեցել ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում։ Օրբելի-Գինեցինսկու երևույթի հայտնաբերմամբ (1923) ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին։ Լ. Օրբելին հիմնավորել է ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը։
Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թ.-ի մարտի 20-ին Քութայիսում։ Աշխարհահռչակ հայ արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ է։ Հ.Օրբելին հիմնադրել է Հայաստանի ազգային ակադեմիան և եղել է առաջին նախագահը (1943-1947)։
Նա մասնակցել է նյութական մշակույթի պատմության Ռուսաստանյան (հետագայում՝ Պետական) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թ.-ի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ: Հ. Օրբելին 1944 թ.-ին ընտրվել է Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1935 թ.-ին՝ Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1945 թ.-ին՝ Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Նա պարգևատրվել է Լենինի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

