Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով մայրցամաքի չեմպիոն։

Նա լեգենդար աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է, և հենց հոր ղեկավարությամբ Հարությունն այս կարևոր հաղթանակը տարավ՝ դառնալով Հայաստանի հավաքականի երկրորդ «ոսկու» հեղինակը տղամարդկանց մրցաշարում։

Եզրափակչում Հակոբկոխյանը հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իզնովր Զայպուլաևին և վստահ հաղթեց 4:1 հաշվով։

Իսրայել Հակոբկոխյանը ոչ միայն հետևում էր մենամարտին, այլ ռինգի անկյունում էր՝ որպես որդու անձնական մարզիչ։ Ամբողջ մենամարտի ընթացքում լեգենդար չեմպիոնը հուզականորեն արձագանքում էր յուրաքանչյուր հարվածի, հուշում էր, աջակցում և ոգեշնչում Հարությունին, հատկապես մենամարտի առանցքային պահերին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց նաև Մանվել Պետրոսյանը (63,5 կգ քաշային կարգ)։
Իսկ կանանց հավաքականում Էլիդա Քոչարյանը (60 կգ) Հայաստանին ևս մեկ ոսկի բերեց։