Արթուր Սարգսյանը՝ Ուֆայում կայացած «Միասնություն» հեղինակավոր մրցաշարի հաղթող
Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի «Միասնություն» (Единство) համառուսաստանյան մրցաշարը։ Այս ստուգատեսը կրում էր ընտրական բնույթ. դրա արդյունքներով ձևավորվել է Ռուսաստանի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմը, որը հանդես կգա առաջիկա միջազգային մրցաշարերում։
Մրցաշարին մասնակցել են երկրի գրեթե բոլոր ուժեղագույն ըմբիշները, սակայն մրցումների գլխավոր հերոսներից մեկը դարձել է հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը։ Նա փայլուն ելույթներ է ունեցել մինչև 97 կգ քաշային կարգում և կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։ Նշենք, որ Սարգսյանն արդեն երկար տարիներ հանդիսանում է Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմի առաջատարներից մեկը։
Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև այլ հայազգի ըմբիշներ։ Մասնավորապես, մրցանակակիրների թվում են հայտնվել Աշոտ Եգիզարովը (մինչև 67 կգ) և Գարիկ Գյուլումյանը (մինչև 72 կգ)։
Այս հաջողությունը հայազգի ըմբիշներին հնարավորություն կտա ներկայացնելու հավաքականը միջազգային ասպարեզում նախատեսված առաջիկա մրցումների ընթացքում։

