Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունում նվաճեց իր առաջին մեդալը։

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող մրցաշարում տղամարդկանց 60 կգ քաշային կարգում հայաստանցի ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը փայլուն ելույթով արժանացավ արծաթե մեդալի։

Պոկում վարժությունում Չոլաքյանը հաջողությամբ բարձրացրեց 120 և 124 կգ, ինչի շնորհիվ դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 145 և 150 կգ և նվաճեց բրոնզե մեդալ։

Երկամարտի արդյունքում Գառնիկ Չոլաքյանը գրանցեց 274 կգ (124 կգ պոկում + 150 կգ հրում) և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց բուլղարացի ծանրորդ Անգել Ռուսևը՝ ցույց տալով 275 կգ երկամարտի արդյունք։