«Դուքենդո» ֆեդերացիայի մարզիկներն ու մարզիչներն արժանացել են պատվոգրերի և պարգևների
Կայացել է «Docando» (Դուքենդո) ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում պարգևատրվել են մարտարվեստի լավագույն ներկայացուցիչները։ Մարզիկներին և մարզիչներին պարգևներն ու պատվոգրերը հանձնել է Ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը:
Անցնող մրցաշրջանը ֆեդերացիայի համար նշանակալի էր և արդյունավետ. հեղինակավոր միջազգային մրցաշարերում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվն անցնում է երկու տասնյակը: Այս բարձր արդյունքների շնորհիվ միջազգային հարթակներում բազմիցս ծածանվել է հայոց եռագույնը՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը մարտարվեստի այս տեսակում:
Տարեվերջյան միջոցառման շրջանակում հազարավոր մարզիկներ և մարզիչներ պարգևատրվել են տարվա ընթացքում աչքի ընկնելու, բարձր առաջադիմություն ցուցաբերելու և լավագույնը ճանաչվելու համար:
Հովհաննես Ծառուկյանը, շնորհավորելով ներկաներին արձանագրված հաջողությունների կապակցությամբ, ընդգծել է, որ սպորտի զարգացումը պետք է առանցքային դեր ունենա յուրաքանչյուրի կյանքում: Նա կարևորել է մարզիչների անդադար աշխատանքը և մարզիկների կամքի ուժը, ինչն էլ հանդիսանում է միջազգային հաղթանակների գլխավոր գրավականը։

