Հայաստանի լեռնագնացները նոր «բարձունք են» գրավել

Ուրախալի լուրեր են գալիս Կոսովոյից. Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան պաշտոնապես դարձել է Համաշխարհային Ալպինիզմի և լեռնային ասոցիացիաների միության լիիրավ անդամ:

Սա իսկապես ուրախալի ու պարտավորեցնող լուր է, քանի որ վերջին տարիներին Հայաստանը զարգացնում է լեռնագնացությունը, ՀՀ քաղաքացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ալպինիզմի հանդեպ, և մեր երկրի գագաթները հետաքրքիր են դառնում նաև այլ երկրների լեռնագնացներին:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը հայտնել է, որ անդամակցությանը նախորդել են մեկ տարի տևած ակտիվ բանակցություններ, որոնց ընթացքում Ֆեդերացիան մանրամասն ներկայացրել է իր գործունեությունը, իրականացված ծրագրերը և զարգացման ռազմավարությունը։ Անդամակցությունը միաձայն որոշմամբ հաստատվել է UIAA Գլխավոր վեհաժողովի կողմից հոկտեմբերին: 

Ի՞նչ տալիս մեր երկրին այս անդամակցությունը.

«Սա ոչ միայն հնարավորություն կտա մասնակցել լեռնային անվտանգության, հրահանգիչների պատրաստման, բնապահպանության և կայուն զարգացման ոլորտներին առնչվող համաշխարհային ծրագրերին, այլև տարածաշրջանում կամրապնդի Հայաստանի դերը՝ որպես լեռնագնացության, թրեքինգի և լեռնային տուրիզմի կենտրոնի։ Համոզված ենք, որ այս քայլը կնպաստի Հայաստանում ալպինիզմի և լեռնային տուրիզմի նոր, ժամանակակից մշակույթի ձևավորմանը՝ հիմնված անվտանգության, պատասխանատվության և բնության նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա»,-ասել է Դանիելյանը: